Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի 2013թ. դափնեկիր, Յեյլի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, «Իռացիոնալ լավատեսություն» (Irrational Exuberance) գրքի հեղինակ Ռոբերտ Շիլլերը կարծում է, որ բիթքոինը «փուչիկի» լավագույն օրինակն է:Ինչպես հայտնում է Forklog.com-ը, պրոֆեսորը նման տեսակետ է հայտնել Quartz հրատարակությանը տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ բիթքոինի բնույթը հասկանալու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, անդրադառնալ Սատոշի Նակամոտոյին՝ կրիպտոարժույթի առեղծվածային ստեղծողին: «Նրան այդպես էլ չհայտնաբերեցին: Սա հիանալի հանելուկ է: Եվ նա ունի կոդավորման, բլոքչեյնի եւ բաց ռեեստրների մասին գաղափար, որը, պարզվում է, այնքան հզոր է, որ նույնիսկ կառավարությունները չեն կարողանում այն կանգնեցնել: Դա անհնար է կառավարել, քանի որ այդ միտքը շատ համահունչ է մեր օրերի վախերին»,- նշում է Ռոբերտ Շիլլերը:Տնտեսագետը պնդում է, որ մարդկությանը բնորոշ է թվայնացման եւ համակարգչայնացման հանդեպ հիմնարար խոր վախը: Ըստ նրա՝ մարդիկ չեն կարող չմտածել՝ ինչ տեղ է հատկացված նրանց այդ նոր աշխարհում: Ի՞նչ է լինելու 10, 20 կամ 30 տարի հետո. կունենա՞ն նրանք աշխատանք, կունենա՞ն արդյոք որեւէ բան:«Ինչ որ կերպ բիթքոինը համապատասխանում է այս ամենին եւ տալիս է հնարավորությունների ապահովման եւ հասարակության կյանքում լիիրավ մասնակցության զգացում. «Ես հասկանում եմ՝ ինչ է կատարվում: Ունենալով այդ գիտելիքը, ես կարող եմ այն շահարկել եւ հարստանալ»»,- այս մոտեցումը, Շիլլերի կարծիքով, մարդիկ դիտարկում են որպես պատասխան նշված բոլոր հիմնարար վախերին: Tweet Դիտում՝ 12250