ՀՀ Կենտրոնական բանկը բարելավել է 2017թ. Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը եւ սահմանել այն 3,9-4,8% միջակայքում՝ նախկին 3,3-4,8%-ի փոխարեն:Այս մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի` այսօր հրապարակած «Գնաճի հաշվետվություն»-ում:Տնտեսական աճի վերականգնումը ԿԲ-ն պայմանավորել է առավելապես առաջարկի գործոններով, մասնավորապես՝ արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերում գրանցված արտադրողականության աճով: «Համախառն պահանջարկի վերականգնմանը նպաստում են ինչպես արտաքին պահանջարկի շարունակական վերականգնումը, այնպես էլ ներքին պահանջարկի դրական վարքագիծը, որը, զսպող հարկաբյուջետային քաղաքականության պարագայում, ամբողջությամբ պայմանավորված է իրականացված խթանող դրամավարկային քաղաքականությամբ: Ներքին պահանջարկի կառուցվածքում աճում են նաեւ մասնավոր ներդրումները, ինչն ապագայում կարող է դրական նպաստում ունենալ ՀՆԱ ներուժի աճի վրա»,- ասված է զեկույցում:ԿԲ կանխատեսմամբ՝ տնտեսական աճի շարժիչ ուժը կշարունակի մնալ տնտեսության արտահանելի հատվածը, որին կնպաստի արտադրողականության աճի տեմպերի եւ, գործընկեր երկրների համեմատ ավելի ցածր գնաճի պայմաններում, ՀՀ մրցունակության պահպանումը: Արդյունաբերության ճյուղի 2017թ. կանխատեսումները վերանայվել են աճի ուղղությամբ՝ պայմանավորված տարվա առաջին կիսամյակում ոլորտում նկատվող բարձր տնտեսական ակտիվությամբ եւ հանքահումքային ապրանքների գների ավելի բարձր մակարդակի արձանագրմամբ: Արդյունքում՝ 2017թ. արդյունաբերության ճյուղում կանխատեսվում է ավելացված արժեքի 7,8-8,6% աճ՝ 7,2-8,4%-ի փոխարեն: Շինարարության ոլորտում ավելացված արժեքի կանխատեսումները նախկինի համեմատ էականորեն չեն փոխվել, մասնավորապես՝ 2017թ. ակնկալվում է 1,5-2,4% անկում:Գյուղատնտեսության ոլորտում 2016թ. երկրորդ կիսամյակից դանդաղած տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաեւ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում: Արդյունքում, ոլորտի աճը գնահատվում է 1,6-2,4% միջակայքում՝ նախկին 3,6-4,4%-ի փոխարեն:Ծառայությունների ճյուղում 2017թ. ավելացված արժեքի աճը գնահատվում է 4,2-4,6%, ինչն ավելի բարձր է, քան նախորդ կանխատեսումը (3,4-4%): Վերանայումը մեծապես պայմանավորված է տարվա ընթացքում, ԿԲ ակնկալիքների համեմատ, ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվի ավելի մեծ աճով: Ինչ վերաբերում է գների կայունությանը, ԿԲ կանխատեսմամբ՝ մինչեւ տարեվերջ գնաճը կշարունակի ընդլայնվել՝ ձեւավորվելով տատանման թույլատրելի միջակայքում, իսկ կանխատեսման հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Tweet Դիտում՝ 3094