Վարկերի պահանջարկը խիստ մեծ է
Հիպոթեկի ժամկետայնությունը հասնում է 20 տարվա

24.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

“Հայոց աշխարհ” (Երեւան), 24.05.07.

Թեեւ Հայաստանը ունի դինամիկ զարգացող բանկային համակարգ, այնուհանդերձ այն շարունակում է մնալ խիստ փոքր: Պատահական չէ, որ առեւտրային բանկերը կարողանում են բավարարել վարկային պահանջարկի չնչին մասը միայն: Այսօր հատկապես ո՞ր վարկերն ունեն բարձր պահանջարկ եւ ինչպիսի՞ն են դրանց պայմանները:

“Հայոց Աշխարհ”-ի հարցերին պատասխանում է “Յունիբանկի” վարչության նախագահ ՎԱՐԴԱՆ ԱԹԱՅԱՆԸ:

- Բոլոր տեսակի վարկերն էլ ունեն մեծ պահանջարկ: Խնդիրն այն է, թե ով ինչպես է կարողանում մատուցել այդ ծառայությունը: Տնտեսական աճը հանգեցնում է նրան, որ բիզնեսի տարբեր ոլորտներում վարկերի անհրաժեշտությունը մեծանում է: Խիստ մեծ է պահանջարկը սպառողական շուկայում: Խոսքը` հիպոթեկի, ավտովարկերի եւ այլ վարկային ծառայությունների մասին է:

Ներկայումս Հայաստանում բանկերի տրամադրած վարկերը չնչին տոկոս են կազմում համախառն ներքին արդյունքի մեջ: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ շատ փոքր է ներգրավված ավանդների ծավալը` ՀՆԱ-ի մոտ 8 տոկոսը: Նկատի ունենալով այդ հանգամանքը` ներկայումս ակտիվ քաղաքականություն ենք իրականացնում ե’ւ ավանդների ներգրավման, ե’ւ վարկերի տրամադրման ուղղությամբ: Ի դեպ, Մերձբալթյան երկրներում բանկային խնայողությունները կազմում են ՀՆԱ-ի 80 տոկոսը, որը հնարավորություն է ստեղծում մեծ ծավալի ներդրումներ կատարել տնտեսության մեջ:

- Վերջին շրջանում վարկային տոկոսադրույքները փոփոխության ենթարկվե՞լ են: Ի՞նչ միտումներ կան:

- Բարձրացրել ենք ավանդների տոկոսադրույքը: Ունենք նույնիսկ 10 տոկոսով ներգրավվող ավանդներ: Մյուս կողմից` նվազեցրել ենք վարկավորման տոկոսադրույքը: Նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար հիպոթեկային վարկեր ենք տրամադրում 13 տոկոսով: Դա, բնականաբար, նվազեցրել է բանկի կանխատեսվող շահույթը, բայց մյուս կողմից` նպաստում է հաճախորդների ներգրավմանը:

- Ռիսկային չէ՞ արդյոք ավանդների ներգրավման տոկոսադրույքների բարձրացումը:

- Առայժմ` ոչ: Ինչպես նշեցի, մեր տնտեսության մեջ կա մի քանի անգամ ավելի շատ փող, քան բանկերում: Դրանց մեծ մասը խնայողությունների տեսքով պետք է հետ գա բանկային համակարգ, որպեսզի կարողանանք ավելի մեծ ծավալի վարկավորում իրականացնել: Ներկայումս մեր կողմից ներգրավված ավանդների եւ վարկերի տոկոսադրույքների մարժան 3 տոկոս է, որը մեծ եկամուտ չի բերում, բայց հնարավորություն է տալիս առաջ շարժվել:

- Հիպոթեկի ոլորտում ժամկետի փոփոխություններ կա՞ն:

- Ժամկետայնությունը երկարացրել ենք մինչեւ 20 տարի:

- Նման վարկեր արդեն տրամադրվե՞լ են:

- Մինչեւ հիմա տրամադրում էինք առավելագույնը 15 տարով, այժմ հասցնում ենք 20 տարվա: Շուկան բավականաչափ մրցակցային է: Այդ պատճառով երկարացրինք ժամկետը, որ հաճախորդները կարողանան ավելի հեշտ մարել:

- Երբվանի՞ց եք սկսել 20 տարի ժամկետով վարկերի տրամադրումը:

- Երկու-երեք օր առաջ: Մեր գնահատումներով, այս պահին ունենք առնվազն 1 մլրդ դոլարի անշարժ գույքի շուկա: Այսինքն` առաջիկա 1 տարում այդքան գույք վաճառվելու է: Մտադիր ենք գրավել այդ շուկայի 10-15 տոկոսը: Դրա համար մեր հիպոթեկային պորտֆելը պետք է հասցնենք 150 մլն դոլարի:

- Որքա՞ն է հիմա:

- 15 միլիոն, որը համարում ենք չնչին, թեեւ հիպոթեկային վարկերի ծավալով զբաղեցնում ենք երկրորդ տեղը բանկային համակարգում:

- Այս տարի որքա՞ն եք նախատեսում ավելացնել հիպոթեկի պորտֆելը:

- Տարին կփակենք հավանաբար 30-35 մլն դոլարով: Այսինքն` կրկնապատկվելու է:

- Մինչեւ տարեվերջ հիպոթեկի շուկայում տոկոսադրույքները ի՞նչ փոփոխությունների կարող են ենթարկվել:

- Չեմ կարծում, թե մինչեւ տարեվերջ շատ մեծ փոփոխություններ լինեն, բայց մրցակցությունը կհանգեցնի դրան: Այսօր շուկայում շատ լուրջ մրցակիցներ ունենք, որոնք առաջարկում են ավելի ցածր տոկոսներ, բայց կարճ ժամկետով:

- Ավտովարկերի պայմանների մեջ նախատեսվո՞ւմ են փոփոխություններ:

- Հիմա մենք գնում ենք տոկոսադրույքների իջեցման, կանխավճարի նվազեցման ուղղությամբ: Սա եւս գրավիչ շուկա է բանկերի համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գրեթե 99,9 տոկոսով վարկերը հետ են գալիս: Մեր բանկի առավելությունը մյուսներից այն է, որ լրացուցիչ այլ վճարներ եւ ծախսեր չի պահանջվում: Ապահովագրական եւ այլ կարգի պահանջներ չկան: Ներկայումս “Յունիբանկը” ավտովարկեր է տրամադրում 10-15 տոկոս կանխավճարով եւ 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Մտածում ենք դրանք եւս իջեցնել:

- Ավանդների տոկոսադրույքի բարձրացումը ինչպե՞ս է անդրադարձել ներգրավման վրա:

- Ընդհանրապես ավանդների ներգրավմամբ բանկային համակարգում զբաղեցնում ենք առաջին տեղը: Այսօր դրանք 45 մլն դոլար են: Նախատեսում ենք առաջիկա մեկ տարում ավելացնել 55-60 միլիոնով: Նման հնարավորություն տեսնում ենք:

- Ավանդների կառուցվածքում փոփոխություններ նկատվում ե՞ն:

- Շեշտակի ավելանում են դրամային ավանդները: Այս պահին բանկի ավանդների 35 տոկոսը դրամով է: Դրանք արագ աճում են: Դա վկայում է, որ մարդիկ իրենց խնայողությունները սկսել են պահել դրամով:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 5923
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW