Թեղուտի հանքավայրի շահագործումը լուրջ ներդրում կունենա համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացման գործում, վստահ է “ACP”-ի գործադիր տնօրենը

23.05.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 21 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ACP” (Armenian Cooper Program) ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը հայտարարել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը լուրջ ներդրում կունենա երկրի տնտեսական հզորության ամպապնդման եւ համաշխարհային շուկայում նրա մրցունակության բարձրացման գործում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Գագիկ Արզումանյանն այս մասին ասել է “Գոլոս Արմենիի” թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով ծրագրի իրագործման նպատակահարմարության մասին մամուլում հնչած հայտարարությունները:

2001 թ. “ACP” ընկերությունը շահեց Թեղուտի հանքավայրի շահագործման տենդերը` ստանալով 25 տարվա լիցենզիա: Առաջին փուլում արտադրվող խտանյութերում պղնձի քանակությունը կկազմի տարեկան մոտ 30 հազար տոննա (ներկայումս հանրապետությունում արտադրվում է մինչեւ 20 հազար տոննա), իսկ մոլիբդենը ` տարեկան մոտ 800 տոննա (այսօր Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 4 հազար տոննա):

Ծրագրում ներկայացված հաշվարկները ցույց են տալիս, որ առաջին փուլում նախագծի իրագործման համար մինչեւ $200 մլն ներդրումների դեպքում ընկերության արտահանման տարեկան ծավալը կավելանա $90 մլն-ով:

Շինարարական աշխատանքների ընթացքում կստեղծվեն 1700 նոր աշխատատեղեր, իսկ հանքավայրի շահագործման առաջին փուլում աշխատատեղերի թիվը կկազմի 1430 (չհաշված սպասարկող կազմակերպություններին): Այսպիսով, հաշվի առնելով այն, որ տեղական համայնքներում (Շնող եւ Թեղուտ գյուղերը) աշխատունակ բնակչության թիվը կազմում է 1200 մարդ, կարելի է պնդել, որ ծրագրի իրագործումը ամբողջությամբ կապահովի տեղական բնակչության զբաղվածությունը:

Արզումանյանի խոսքերով, նախագծային փաստաթղթերում ընկերությունը նախատեսել է մի շարք բնապահպանական միջոցառումներ` շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմացման նպատակով:

Ինչ վերաբերվում է անտառհատմանը, ապա ծրագրի իրագործումը նախատեսում է հատումներ 357 հեկտար տարածքի վրա` մոտ 58 հազար խորանարդ մետր ծավալով, իսկ առաջին փուլում (12 տարվա ընթացքում) հատվող տարածքը կկազմի 157 հեկտար` 25 հազար խորանարդ մետր ծավալով:

“Հետեւանքների մեղմացման նպատակով մենք հանդես ենք եկել հավասարազոր անտառավերականգնիչ աշխատանքներ կատարելու նախաձեռնությամբ”,- ընդգծել է Գագիկ Արզումանյանը: Ընդ որում, նշել է նա, բնապահպանական կազմակերպությունների տվյալների համաձայն, Հայաստանում անօրինական անտառահատումները կազմում եմ տարեկան 1 մլն խորանարդ մետր բնափայտ` մոտ 8 հազար հեկտար:

“Եթե հավատանք այդ գնահատականներին, ապա ծրագրի իրագործման առաջին փուլի ընթացքում (12 տարի) կանտառահատվի այնքան ծառ, որքան անօրինական ճանապարհով հատվում է մեկ շաբաթում”,- ընդգծել է Գագիկ Արզումանյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW