ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն օգոստոսի 18-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում, մարզպետ Արամայիս Գրիգորյանի եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել իրականացվող ծրագրերին:Ոռոգման խնդիրըԳոռավան համայնքում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներն ու համայնքապետերը մտահոգություն են հայտնել ոռոգման ջրի սակավության վերաբերյալ՝ արդյունքում 550 հեկտար հողատարածքից մշակվում է ընդամենը 200-ը:Որպես խնդրի ժամանակավոր լուծման տարբերակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մատնանշել է համայնքում խորքային պոմպի գործարկումը, որի տեղադրման առաջարկով կդիմեն կառավարություն: Նրա փոխանցմամբ՝ ոռոգման խնդրի վերջնական կարգավորման նպատակով ընթացքի մեջ է ջրամբարի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտել 3,5 տարի հետո: Իսկ մինչ այդ ուսումնասիրվելու է խորքային հոր հորատելու տարբերակը:Բարձրացվել է նաեւ գյուղտեխնիկայի բացակայության հարցը: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է ստեղծել գյուղտեխնիկայի կայան, որի շնորհիվ ժամանակակակից ծառայություններից կկարողանան օգտվել նաեւ փոքր ու միջին տնտեսավարողները: 17.08.2017 | 12:12 Ինդուստրիալ գյուղատնտեսության առաջին ծիլերը՝ Գեղարքունիքում Ինտենսիվ այգիներ «Գրին ֆարմեր»-իցԵրասխավան համայնքում նախարարը եղել է «Գրին ֆարմեր» ընկերությունում, որտեղ հիմնվելու են կեռասի, ծիրանի եւ խնձորի ինտենսիվ այգիներ` 31 հեկտար ընդհանուր մակերեսով: Ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը հայտնել է, որ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ, իսկ տնկման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարվա գարնանը: Առաջին բերքն ակնկալում են ստանալ տնկման հաջորդ տարում, իսկ հիմնական բերքը՝ 5-րդ տարում: Կանխատեսվում է, որ այգու բոլոր մրգատեսակների մթերման ծավալը կկազմի շուրջ 5000 տոննա: Այգին ամբողջությամբ պատված կլինի հակակարկտային ցանցերով, իսկ կեռասը` նաեւ հակաանձրեւային ցանցով, ոռոգումն ամբողջությամբ իրականացվելու է կաթիլային համակարգով, կներդրվի նաեւ հակասառեցման համակարգ՝ ցրտահարությունից խուսափելու համար: Գործարարը վստահեցրել է, որ կաթիլային ոռոգումը հնարավորություն կտա ապահովել բերքատվության մոտ 30% աճ: Այգում աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել տեխնիկա: «Վաղահաս եւ ուշահաս տարածքներում ինտենսիվ այգիների հիմնումը կարող է լինել շատ շահավետ, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը` երաշխավորված: Այդ նպատակով մենք 2018-ից կիրականացնենք նոր ծրագիր, որով մինչեւ 10 հեկտար այգիների համար այգեգործներին կտրամադրվեն 5%-ոց վարկեր մինչեւ 5 տարի մարման ժամկետով»,- նշել է նախարարը` հավելելով, որ ծրագրին կկարողանան դիմել բոլոր ցանկացողները:Ջրի խնայողության նոր մոդել՝ ձկնաբուծարանումՍայաթ-Նովա համայնքում նախարար Իգնատի Առաքելյանը եւ «Բիգամա-Ֆրուտ» ընկերության տնօրեն Գալուստ Մարանդյանը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է ընկերությանը պատկանող ձկնաբուծարանում ներդնել ջրի խնայողության նորագույն տեխնոլոգիաներ: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էր նաեւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:Ծրագիրը կիրականացվի ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում ձկնաբուծության ոլորտում ջրային պաշարների այլընտրանքային օգտագործման» ծրագրի շրջանակում:«Նախատեսում ենք ստեղծել մի մոդել, որի հաջողության դեպքում այն հնարավոր կլինի ներդնել Արարատյան դաշտավայրի այլ ձկնաբուծարաններում եւս: Միջազգային փորձագետների հաշվարկներով` այս մոդելով ջրի օգտագործման ծավալները կնվազեն մոտ 75 տոկոսով, իսկ արտադրության ծավալները մի քանի անգամ կավելանան»,- նշել է Գայանե Նասոյանը:Գալուստ Մարանդյանը նշել է, որ հիմնականում զբաղվում են իշխանի, կարմրախայտի, սիբիրյան թառափի եւ ոսկեփայլ իշխանի բուծմամբ ու վաճառքով: Արտադրության ծավալները կազմում են մոտ 100-150 տոննա, արտադրանքը հիմնականում արտահանվում է Վրաստան եւ Ռուսաստան: Tweet Դիտում՝ 6107