OMX Group-ի կորպորատիվ կապերի հարցերով փոխնախագահ Նիքլաս Լիլյայի բացառիկ հարցազրույցը www.banks.am վեբ կայքին եւ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը - Ապրիլի վերջին հայտարարվեց, որ շվեդական OMX Group-ը ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսան եւ Կենտրոնական դեպոզիտարիան: Հայաստանի Կենտրոնական բանկը մեկ տարուց ավել բանակցություններ էր վարում OMX-ի հետ, որի ժանանակ դուք մանրամասնորեն ուսումնասիրեցիք հայկական շուկան: Հայկական շուկայի ինչպիսի՞ առանձնահատկություններ է հայտնաբերել OMX-ը այս ընթացքում: - Դա շուկա է, որը գտնվում է կայացման վաղ շրջանում եւ սահմանափակ պատմություն ունի: Միեւնույն ժամանակ, հայկական շուկան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում աճի նկատմամբ եւ անհրաժեշտ նվիրում ունի: Կենսաթոշակային եւ ապահովագրական ոլորտներում սպասվող բարեփոխումներն ապացուցում են զարգացում ունենալու ձգտման առկայությունը: - Հայաստանում տարածված կարծիք կա, որ արժեթղթերի շուկայի զարգացմանը խանգարում է տեղական մենթալիտետը: Ի՞նչ եք մտածում այդ մասին: - Հակառակը, ինչպես արդեն ասացի, մենք զարգացման պատրաստակամություն ենք տեսնում: Անհրաժեշտ նվիրումը կա, եւ այժմ պետք է ուժեղացնել շուկայի մասնակիցների մոտիվացիան, ինչը թույլ կտա հաղթահարել առկա արգելքները: - Ձեզ համար երեւի գաղտնիք չէ, որ ստվերային տնտեսության ծավալը Հայաստանում, տարբեր գնահատականներով, կազմում է 30-ից 50%, եւ արժեթղթերի շուկայի զարգացումը երկրի կառավարությունը դիտում է որպես ստվերի կրճատման ռազմավարական ուղղություններից մեկը: Որքա՞ն իրական է արժեթղթերի շուկայի զարգացումը ստվերային տնտեսության նման ծավալներ ունեցող երկրում: - Մենք հավատում ենք, որ ֆինանսական շուկաները կարող են զարգանալ եւ նպաստել երկրի զարգացմանը: Գոյություն ունի օրենսդրության եւ կարգավորման ուժեղացման ակնհայտ անհրաժեշտություն, ինչը կխրախուսի տնտեսության եւ կապիտալի շուկայի զարգացումը: - OMX-ի մուտքը Հայաստան արդյո՞ք նշանակում է, որ հայկական խոշոր ընկերությունները կկարողանան դուրս գալ միջազգային շուկաներ: - Մեր առաջնային նպատակը տեղական շուկայի զարգացումն է: Ի նկատի ունենք այնպիսի պայմանների ստեղծում, որոնք թույլ կտան ներդրողներին եւ ընկերություններին ավելի հեշտ գտնել միմյանց: - Ի՞նչ կտա OMX-ի մուտքը Հայաստան շարքային սպառողին: Նա կկարողանա՞ գնել OMX-ին պատկանող այլ երկրների բորսաներում վաճառվող ընկերությունների բաժնետոմսերը: - Առաջին հերթին մենք ցանկանում ենք հնարավորություններ ապահովել ներդրումների համար` տեխնիկական արգելքները զգալի դժվարություններ էին առաջացնում: Ներդրումային որոշումները պետք է հիմնվեն թափանցիկ տեղեկատվության վրա: Եթե ներդրողը հիմնվում է թափանցիկության վրա, ներդրումները կատարվում են ժամանակին եւ անարգելք, ինչն արդեն իսկ մեծ նվաճում է տեղացի ներդրողների համար: Իրացվելիության աստիճանական աճն ու նոր ընկերությունների ներգրավումը եւս մեր առաջնահերթությունների շարքում են: Իսկ երկարաժամկետ ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի հայկական ներդրողներին հնարավորություն տրվի աշխատել արտասահմանյան արժեթղթերի հետ: - OMX-ը հետաքրքրված է նաեւ Վրաստանի շուկայով: Ադրբեջանի վերաբերյալ եւս ծրագրեր ունե՞ք: - Մենք արդեն նախնական բանակցություններ ենք վարել վրացական բորսայի հետ: Այնտեղ հետաքրքրություն են ցուցաբերել, եւ մեր երկխոսությունը կակտիվանա: OMX-ը նաեւ հետաքրքրված է քննարկումներ վարել Բաքվի բորսաների հետ: Եթե նրանք եւս հետաքրքրված լինեն, մենք պատրաստ ենք բաց երկխոսություն վարել: Tweet Դիտում՝ 7538