ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվել է, թե երբ է ներկայացվելու էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ծրագիրը: Աշոտ Մանուկյանը նշել է, որ այն արդեն մեկ անգամ ներկայացրել են կառավարություն եւ ստացել որոշ դիտողություններ, այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:«Աշխատել ենք հանձնաժողովի պատասխանատուների հետ, դիտողությունները հիմնականում ընդունվել են: Ամենայն հավանականությամբ, կմշակվի լրացուցիչ եւս մեկ նորմատիվային ակտ, որը կկանոնակարգի փոքր ՀԷԿ-երի բաժինը: Այն մենք ներառել էինք մինչեւ 2036թ. էներգետիկ համակարգի զարգացման ծրագրում, սակայն այն ծրագրից կհանվի եւ, ամենայն հավանականությամբ, առանձին նորմատիվային ակտով կհաստատվի: Սա էր հիմնական խնդիրը: Այսօր մենք կարծես թե որեւէ խնդիր չունենք»,- ասել է նախարարը:Նրա խոսքով՝ փոխվարչապետի եւ ֆինանսների նախարարության հետ այժմ քննարկվում է կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը հնարավորություն կտա մինչեւ 2036թ. սակագները պահպանել գործող մակարդակի վրա: «Դա բավականին ամբիցիոզ ծրագիր ու գաղափար է: Դրա համար այժմ փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի կայունացնենք այն հիմնադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլեւ վստահություն կտա հայտարարել, որ առաջիկա 1,5 տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաեւ արտաքին ազդեցությունները»,- ասել է Աշոտ Մանուկյանը՝ ընդգծելով, որ մինչեւ սեպտեմբեր էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը կներկայացնեն կառավարության քննարկմանը:Կարեն Կարապետյանն էլ նշել է, որ հայեցակարգում պետք է դիտարկել Հայաստանի ամբողջ հիդրոներուժը, արեւի եւ քամու էներգիայի արտադրության պոտենցիալը, ինչպես նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի ուղղությամբ հետագա քայլերը: «Պետք է հասկանանք, թե էներգետիկ անվտանգության տեսակետից ինչ կարելի է անել»,- ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 15508