ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ տարածքային զարգացան անհամաչափությունները Հայաստանի կարեւորագույն մարտահրավերներից են:«Տեղական բյուջեների սեփական եկամուտների պլանավորման եւ կատարման գործառույթներն արմատական վերանայման կարիք ունեն: Այդ միջոցների հաշվին է, որ տեղական ինքնակառավարման մարմինները բնակիչներին պետք է տրամադրեն իրենց լիազորությունների շրջանակում բավարար ծավալի ու որակի ծառայություններ»,- ասել է Կարեն Կարապետյանը:Կառավարության ղեկավարը մի կողմից ներկայացրել է մարզերում՝ տարբեր ոլորտներում առկա ցուցանիշներում առկա անհամաչափությունները, մյուս կողմից՝ հուսադրող դինամիկա արձանագրել տեղական մակարդակում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներում: Նա ընդգծել է, որ տարածքային համաչափ եւ կայուն զարգացման համար անհրաժեշտ է տեղական մակարդակում զարգացման ծրագրերի իրագործում եւ մարզային թիմերի աշխատանքի համակարգված գնահատում:«Մենք պատրաստ ենք խրախուսել տեղական մակարդակում ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման ծրագրերը, ավելին, ուղղակի օժանդակել կամ մասնակցել դրանց իրագործմանը՝ պայմանով, որ տեղական եւ տարածքային իշխանությունները դրսեւորեն բավարար նախաձեռնողականություն սեփական ռեսուրսները մոբիլիզացնելու եւ արդյունավետ գործունեություն ծավալելու հարցում»,- ասել է վարչապետը:Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզպետների աշխատանքների արդյունավետության տարեկան գնահատման կարգի նախագիծը:Գնահատման հիմնական ցուցանիշները պետք է արտացոլեն մարզում կատարված ներդրումների ծավալը, ստեղծված նոր աշխատատեղերը, առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը, աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը, համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտում կատարված աշխատանքները, համապատասխան ցուցանիշներ կրթական հաստատություններում, ֆերմերային տնտեսությունների զարգացումն ու գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրումը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, սեփական եկամուտների, ծառայությունների եւ դրանց դիմաց հավաքագրումների ցուցանիշների դինամիկան: Tweet Դիտում՝ 24186