Այս տարի Հայաստան այցելությունների «աննախադեպ թիվ» է գրանցվել

19.07.2017 | 16:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարմինե Զեյթունցյան
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այսօր ասել է, որ այս տարի զգալիորեն աճել է դեպի Հայաստան օտարերկրյա քաղաքացիների այցելությունների (այդ թվում՝ զբոսաշրջային նպատակներով) թիվը:

Այս մասին Զարմինե Զեյթունցյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ 2017թ. առաջին 6 ամիսներին Հայաստան այցելությունների նախնական թիվը կազմել է 1,35 մլն, որը 24,3%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Իսկ այս տարվա հունիսի ցուցանիշն անցած տարվա հունիսի համեմատ աճել է 27,7%-ով:

Միաժամանակ, զբոսաշրջային նպատակով այցելությունների ցուցանիշը 2017թ. առաջին 3 ամիսներին գրանցել է 18,2% աճ՝ կազմելով 298 533:

«Սրանք աննախադեպ բարձր թվեր են, եւ մեզ համար շատ դրական արդյունք է: Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել գոնե կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը եւ դրա համար տարվում են լուրջ աշխատանքներ»,- նշել է նա:

Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ ամենամեծ զբոսաշրջիկների հոսքերը գալիս են Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից: Աճի հետաքրքիր դինամիկա են դրսեւորել նաեւ Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրաքից, Կանադայից եւ Իսպանիայից (200%-ին մոտ) եկող զբոսաշրջային հոսքերը:

«Դեռեւս հոկտեմբերին նշագծվել են այն հիմնական թիրախային շուկաները, որոնց հետ մենք աշխատում ենք: Դրանք են՝ ներքին շուկան, Ռուսաստանը, Իրանը, Արեւմտյան Եվրոպայի այն երկրները, որոնց հետ մենք ունենք ուղիղ չվերթներ, Գերմանիան, որն ունի արտագնա զբոսաշրջության ամենամեծ թիվը, Արաբական ծոցի երկրներ, Սփյուռքը: Այս տարի ուսումնասիրում ենք նոր շուկաներ, ինչպիսիք են Չինաստանն ու Ճապոնիան»,- ընդգծել է նա:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ նախատեսվում են տարատեսակ միջոցառումների կազմակերպում, այդ թվում՝ դեպի Հայաստան օտարերկրացի լրագրողների այց, միջազգային հայտնի լրատվականների անդրադարձ մեր երկրին, փառատոնների անցկացում եւ այլն:

Բացի այդ, առաջիկայում նախատեսվում է գործարկել Armenian Travel կայքը, որտեղ կներկայացվի պաշտոնական եւ կանոնակարգված տեղեկատվություն Հայաստանում զբոսաշրջային կազմակերպությունների, զբոսաշրջային ուղղությունների եւ ոլորտին առնչվող այլնի մասին:

«Կայքի մշակումն ինքնանպատակ չէ, այն ոչ միայն լինելու է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտը, այլեւ իր ինտերակտիվ բնույթի շնորհիվ անհատ զբոսաշրջիկին հնարավորություն է տալու մշակել իր երթուղին եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին»,- նշել է նա:

Զարմինե Զեյթունցյանը կարեւորել է նաեւ զբոսաշրջիկների՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ծախսվող գումարի չափի ավելացումը: Նրա խոսքով՝ 2013թ. հետազոտության համաձայն՝ այդ ցուցանիշը մեկ զբոսաշրջիկի հաշվով կազմել է միջինում $800, եւ իրենց նպատակն է հասցնել այդ գումարը գոնե $1000-ի՝ ավելացնելով զբոսաշրջային վայրերում գումար ծախսելու հնարավորությունները:
Դիտում՝ 10885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW