«ՀՀ-ն կխուսափի տեխնոլոգիաների առաջացրած գործազրկության ֆենոմենից»

14.07.2017 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Ի-Վի Քոնսալթինգ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը ներկայում գլոբալ հարթակներում լայնորեն քննարկվող ամենաակտուալ թեմաներից է, եւ «Հայաստանի 2017 թ. ազգային մրցունակության զեկույցում» անդրադարձ է արվում ե՛ւ ստեղծվող հնարավորություններին, ե՛ւ ռիսկերին:

Այս մասին վարչապետն ասել է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի պատրաաստած զեկույցի շնորհանդեսին:

«Մենք բաց ենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, եւ մեզ համար շատ ակտուալ է հասկանալ եւ ձեւակերպել՝ ինչպիսին է մեր մասնակցությունն այս գործընթացներին, ինչպիսի ազդեցություն կունենա 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը մեր կյանքի վրա, եւ մենք այսօր ինչ պետք է անենք՝ նշված մարտահրավերներին վաղը դիմակայելու եւ առավել եւս դրա դրական արդյունքներից եւ հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։  

Ակնհայտ է, որ զարգացման հետեւանքով ավտոմատացումն էապես ազդելու է գործող աշխատաշուկայի վրա, եւ տեխնոլոգիան փոխարինելու է շատերին իրենց աշխատատեղերում։ Ընդ որում, դա անդրադառնալու է ոչ միայն դասական ոլորտների, ինչպիսին է, օրինակ, արտադրությունը, որտեղ ռոբոտաշինությունը կբերի ավելի օպտիմալ լուծումների, այլ նաեւ այլ ոլորտների վրա, ինչպիսիք են, օրինակ, խորհրդատվական ոլորտը, որտեղ արհեստական ինտելեկտը մեր փոխարեն կատարելու է բազմաթիվ գործառույթներ կամ նույնիսկ ֆինանսների կառավարման ոլորտը, որտեղ տեխնոլոգիան կփոխարինի մարդուն»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է ապագայի մասնագիտությունների ճիշտ կանխատեսումը՝ «տեխնոլոգիաների ներմուծումից առաջացած գործազրկության ֆենոմենից խուսափելու համար»:

«Սա մեզանից պահանջում է համակարգային մոտեցում, եւ կրթական համակարգն այստեղ առաջնագծում է: Վերջապես, 4-րդ արդյունաբերական հեղափոխությունն իր հետ բերում է նաեւ ռազմավարության մշակման ոչ դասական մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն՝ ավելի շատ հիմնվելով զեկույցում առաջարկվող լուծումների վրա. ստեղծի՛ր բազմազանություն, ընտրի՛ր եւ բազմացրո՛ւ։

Այս հեղափոխությունը ներկայացնում է հսկայական հնարավորություններ եւս։ Առաջադրվող մարտահրավերներին արագ ադապտացումը մեզ հնարավորություն կտա որակապես նոր դեր ստանձնել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ հարթակներում»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին՝

«1. Վերջերս ընդունված կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք նորարարության զարգացման ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակում, որը մեզ հնարավորություն կտա ունենալ հստակ եւ երկարաժամկետ ծրագիր՝ նորարարությունը եւ նորարար տեխնոլոգիաների կիրառումը խթանելու համար:

2. Մշակելու ենք հստակ մեխանիզմներ՝ բիզնեսների կողմից նորարար տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը խթանելու համար:

3. Ներգրավելու ենք վերազգային առնվազն երկու կազմակերպություն` հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձեւավորման նպատակով:

4. Ինովացիոն էկոհամակարգի ձեւավորման տեսանկյունից ստեղծելու ենք նոր տեխնոլոգիական կենտրոններ, ինչը հնարավորություն կտա խթանել Հայաստանում ինժեներական բիզնեսն ու կրթությունը, բարելավել ինովացիոն ենթակառուցվածքները եւ նպաստել գիտելիքների առեւտրայնացմանը:

5. Խթանելու ենք գիտության եւ մասնավոր հատվածի համագործակցությունն ու գիտության առեւտրայնացումը։ Սա թերեւս ինովացիայի խթանման ամենադասական մեխանիզմներից է:

6. Հստակ հասկանալով եւ գիտակցելով, որ այս ոլորտում բեկումնային զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է պետության եւ մասնավոր հատվածի ռեսուրսների մոբիլիզացիա՝ կառավարության ծրագրով նախատեսել ենք պետություն-մասնավոր համագործակցության մեխանիզմների կիրառմամբ ստեղծել եւ զարգացնել տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր եւ իրականացնել հստակ ծրագրեր։ Պետք է ասեմ, որ այստեղ կառավարությունն ունի գործընկերների մի մեծ բանակ՝ ե՛ւ Հայաստանից, ե՛ւՍ փյուռքից, ե՛ւ օտարերկրյա գործընկերներ, ովքեր մեր կրթության մեջ կատարում են ներդրումներ եւ բերում են նորանոր ծրագրեր, տեխնոլոգիաներ եւ լուծումներ:

7. Վերանայում ենք մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման հայեցակարգային մոտեցումները, ինչպես նաեւ մշակում ենք կրթության զարգացման հայեցակարգը, որտեղ հատուկ ուշադրություն ենք դարձրել մի շարք հմտությունների զարգացման վրա, որոնց մեջ առկա են նաեւ զեկույցով նշված մետահմտությունները:
 
8. Արդեն մի քանի աշխատանքային այցելություն է կազմակերպվել բլոկ-շղթա (blockchain) տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել ՀՀ կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները:

9. Վերջապես, ծրագրով հայտարարել ենք, որ մեզ համար առանձին գերակայություն է լինելու թվայնացումը։ Այն պետք է նախադրյալներ ստեղծի մեր տնտեսության եւ մեր կյանքի տրանսֆորմացիայի համար, որտեղ կհասնենք արդյունավետության, մրցունակության, արտադրողականության եւ թափանցիկության բարձրացմանը մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։

Այս ամենը նաեւ ենթադրում է ֆինանսավորման ճիշտ, երբեմն նորարար մեխանիզմների ձեւակերպում եւ խելացի կիրառում: Կառավարությունը հստակ գիտակցում է սա, եւ այս կետին մենք առանձին անդրադառնալու ենք նշված ռազմավարությունների մշակման ժամանակ»,- ամփոփել է ելույթը վարչապետը:
Դիտում՝ 4171
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW