Երեւան, 7 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի պետական բյուջեի կրկնապատկումը կավելացնի տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռը, այսօր Երեւանում ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի խորհրդական Ներսես Երիցյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ներսես Երիցյանն այս մասին ասել է` հանդես գալով կլոր սեղանում, որի ընթացքում քննարկվել են մի շարք քաղաքական կուսակցությունների նախընտրական խոստումները պետբյուջեի, կենսաթոշակային նպաստների եւ նվազագույն աշխատավարձների կրկնապատկման վերաբերյալ: ԿԲ նախագահի խորհրդականի խոսքերով, այսօր հարկային մուտքերը կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 14%-ը, եւ նույնիսկ ամենազարգացած երկրում անհնար է այն կրկրնապատկել մեկ տարվա ընթացքում: Ներսես Երիցյանը նշել է, որ նույնիսկ Հայաստանում կիրառվող նպատակամղված հարկային վարչարարության պայմաններում, ամենաարագ արդյունքին կարելի է հասնել 2.5 տարիների ընթացքում: Ամեն տարի, մշակելով բյուջեն, կառավարությունը հաշվի է առնում նաեւ հնարավոր ստվերային մասը, որը վերջին տարիներին կրճատվել է երկու անգամ, եւ 2006 թ. կազմել է 30%, ասել է ԿԲ նախագահի խորհրդականը: ԿԲ Խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ նվազագույն աշխատավարձների եւ կենսաթոշակային նպաստների կտրուկ ավելացումը կհանգեցնի սղաճի աճին: Նրա խոսքերով, կենսաթոշակային նպաստները հասցնելով 30 հազար դրամի, կառավարությունն իր համար կստեղծի ավելի շատ խնդիրներ եւ վտանգներ, իսկ թոշակառուների օգուտը կլինի աննշան, քանի որ սղաճը կհանգեցնի գների աճին: Մեկնաբանելով նվազագույն աշխատավարձի չափը 50 հազարի հասցնելու առաջարկը, Վաչե Գաբրիելյանն ասել է, որ այդ որոշումը կվերաբերվի միայն պետական ծառայողներին, իսկ շատ մասնավոր գործատուներ ստիպված կլինեն փակել իրենց գործը կամ խուսափել հարկերը լիարժեք վճարելուց: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7762