Հանուն չհանձնվող համայնքների դրամահավաքն ավարտվել է

11.07.2017 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Indigogo #Արեգ Թադեւոսյան
Indigogo հարթակում ավարտվել է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի ձեռնարկած դրամահավաքը, որը նպատակ ուներ աջակցել համայնքներում սոցիալական ձեռներեցության զարգացմանը: Նախատեսվում էր դրամահավաքի արդյունքում հավաքել $20 հազ-ին համարժեք դրամ, որը կուղղվեր սոցիալական բովանդակություն ունեցող 10 ծրագրերի աջակցությանը:

Հանգանակությունն ավարտվել է հունիսի 12-ին (ավելի վաղ հանգանակողների ակտիվության պատճառով այն երկարաձգվել էր 3 շաբաթով), շուրջ 2 ամսում հավաքվել է $9426:

Banks.am-ի հետ զրույցում ծրագրի ղեկավար Արեգ Թադեւոսյանը նշել է, որ թեեւ $20 հազ-ը չի հավաքվել, սակայն հավաքվածն էլ բավական մեծ գումար է եւ օգտակար կլինի համայնքային բիզնեսներին:

«Նախատեսվում էր, որ եթե $20 հազ-ից ավելի հավաքենք, կֆինանսավորվեն 10-ից ավելի ծրագրեր, բայց քանի որ դրանից պակաս է հավաքվել, գումարը հավասարապես կբաշխվի նախապես ընտրված 10 լավագույն ծրագրերի միջեւ»,- ասել է ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ իրենք գոհ են հանգանակության արդյունքներից:


Արեգ Թադեւոսյանի խոսքով՝ ծրագրերից մի քանիսն արդեն ընթացքի մեջ են, մյուսները դեռ նախապատրաստական փուլում են:

Ընդհանուր առմամբ, հանգանակությանը մասնակցել է 266 մարդ՝ աշխարհի 21 երկրներից: Ամենաշատ հանգանակող տասը երկրներն են՝ Հայաստան (49 տոկոս), ԱՄՆ (33 տոկոս), Ավստրիա (8 տոկոս), Ռուսաստան, Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Կանադա, Մեծ Բրիտանիա եւ Սինգապուր:



10 ծրագրերի ֆինանսավորման մեծ մասը (79 տոկոս) հոգում է Եվրամիությունը, 15 տոկոսի ներդրում ունի Ավստրիական զարգացման գործակալությունը, հենց չբավարարող միջոցներն էլ նախատեսվում էր հավաքել հանգանակության միջոցով:

Ֆինանսավորման ենթակա 10 ծրագրերն ընտրվել են Հայաստանի մարզերի ամենատարբեր, առավել խոցելի եւ առավել սուր խնդիրներ ունեցող, այդ թվում՝ սահմանամերձ համայնքներից՝ Նոյեմբերյան, Իջեւան, Վարդենիկ, Բավրա եւ այլն:

Իրենց բնույթով ծրագրերը բազմազան են՝ հնդկացորենի ցանքատարածություններից մինչեւ էկո ճամբար, աղբի վերամշակումից մինչեւ լեռնային բույսերի հավաքում եւ սահմանամերձ բնակավայրերի արտադրանքի իրացում: Ծրագրերի մի մասն էլ ուղղված է երիտասարդության զարգացմանը՝ եռաչափ մոդելավորման դասընթացներ Նոյեմբերյանում, ժամանցի երիտասարդական ակումբ-թեյարան Սեւանում, փայտամշակման դպրոցի հիմնադրում Իջեւանում: Ներկայացված բիզնես-նախագծերից 2-ը միտված են աշխատատեղեր ստեղծել հաշմանդամություն ունեցողների համար: Մասնավորապես, Վանաձոր քաղաքում Անուշ Ասլանյանն առաջարկել էր հաշմանդամություն ունեցողների համար բացել կարի արհեստանոց, իսկ Սեւանում Սաթիկ Բադեյանը կփորձի հաշմանդամություն ունեցողներին ներգրավել էկոլոգիապես մաքուր հրուշակեղենի արտադրության մեջ:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 2095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW