Երկու տարի ԵԱՏՄ-ում. Հայաստանն ամփոփում է արդյունքները

06.07.2017 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Վաչե Գաբրիելյան #Կարինե Մինասյան
Երեւանում այսօր «Հայաստանը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով կլոր սեղան է անցկացվել:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, միջոցառմանը քննարկվել են Հայաստանի տնտեսությունում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված դրական եւ բացասական կողմերը, ինտեգրման հեռանկարներն ու հնարավորությունները:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Հայաստանում նկատվել է արտաքին առեւտրի ցուցանիշների աճ, սակայն դեռեւս վաղ է վերջնական եզրակացություններ անել:

«Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների արդյունքները դժվար է բնութագրել որպես միանշանակ հաջողություն, սակայն կարելի է վստահությամբ հայտարարել տնտեսական ինտեգրման եւ բարգավաճման ճանապարհին առաջին քայլերի մասին»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ ասել է, որ Հայաստանը մշտապես ընդգծել է իր հետաքրքրվածությունը տարբեր կառույցներին ինտեգրվելու եւ համագործակցելու, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի համար լայն հնարավորություններ է ստեղծում:

«Հայաստանի՝ ԵԱՏՄ երկամյա անդամակցության արդյունքում անդամ երկրների ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճել է: Մասնավորապես, ՀՀ–ի եւ ԵԱՏՄ անդամ միջեւ ապրանքաշրջանառությունը 2016-ին աճել է 15,3%-ով, այդ թվում` Ռուսաստանի հետ` 15,1%-ով, Բելառուսի հետ 15,4%-ով, Ղազախստանի հետ՝ 46,7%-ով, Ղրղզստանի հետ 2,1 անգամ»,- ասել է Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով՝ Հայաստանից արտահանման ծավալները ռուսական շուկա 2016-ին աճել են 51,5 %-ով, ղազախական, ղրղըզական եւ բելառուսական շուկա՝ մի քանի անգամ:

«ՀՀ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2016թ. աճել է 53%-ով: Հայաստանն առաջատար է դարձել արդյունաբերական արտադրության աճի տեմպերով, ինչը նախորդ տարվա համեմատ 2016-ին կազմել է 6,7%», - ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանն էլ ներկայացրել է ԵԱՏՄ ինտեգրացիայի համատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվայնացման զարգացումը:

«Այն պետությունները, որոնք ակտիվ ներգրավված չեն վերափոխման գործընթացի մեջ, առաջիկա տարիների ընթացքում կարող են կորցնել իրենց մրցակցային առավելությունները: Վերջին մի քանի տարիներին Հայաստանը հսկայական քայլ է կատարել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Ոլորտի ծավալը 2010-ից ի վեր աճել է 4,3 անգամ, ինչը երկրի տնտեսության լավագույն ցուցանիշն է: Համաշխարհային շուկայում աշխատող ՏՏ ընկերությունների թիվը 2010-ից ի վեր աճել է 2,4 անգամ եւ կազմում է ավելի քան 400»,- ընդգծել է Կարինե Մինասյանը:
Դիտում՝ 16586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW