ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկմանը, որի շրջանակում տեղի է ունեցել «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը:Ձեռնարկը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից:«Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է նոր շունչ, նոր որակ հաղորդենք կառավարություն-մարզպետարան-համայնքներ եռաստիճան կառավարմանը: Կառավարչական մակարդակում այսօրվա հրամայականն այն է, որ ղեկավարները լինեն ժամանակակից, կանոնավոր աշխատեն իրենց վրա: Բազմիցս ասել ենք, որ տարածքային համաչափ զարգացումը մեր հանրապետությունում չափազանց կարեւոր խնդիր է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, առաջին հերթին, իր հարցերը փորձում է լուծել համայնքում: Ինչպիսի՞ն են համայնքում տրանսպորտի վիճակը, բիզնես միջավայրը, սանիտարական մաքրումը, արդարության ընկալումը, աշխատատեղերի ստեղծումը. հենց սրանով է քաղաքացին գնահատում իշխանության գործունեությունը եւ իր լավ ու վատ լինելը»,- ասել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը նշել է, որ վերջերս Ամերիկյան համալսարանում կազմակերպվել են համապատասխան դասընթացներ ՀՀ մարզպետերի համար, ինչը վկայում է այն մասին, որ համայնքային կառավարիչների հմտությունների զարգացման գործընթացը պետք է լինի շարունակական: «Այդ առումով մենք որոշակի քայլեր ենք անում. անցած տարվա վերջ ձեւակերպել էինք, թե համայնքները զարգացման ինչպիսի ծրագրեր պետք է ներկայացնեն: Բոլոր համայնքներից ստացել ենք: Բացի դրանից, համայնքները ներկայացրել են բիզնես ծրագրեր, որոնք կարող են բիզնես միջավայրը փոխել եւ նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ ծրագրերի արդեն սկսել ենք օժանդակել: Այդ ծրագրերի որակը, ցավոք, հեռու է ժամանակակից պահանջներից: Բայց մենք երբեք չպետք է հոգնենք ու պետք է վստահորեն գնանք այս ուղղությամբ՝ համոզված լինելով, որ վերջում հասնելու ենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզանից ակնկալում է, եւ որն ուղղակի անհրաժեշտ է»,- նշել է վարչապետը: Tweet Դիտում՝ 3792