ՀՀ էներգետիկայի ոլորտը՝ ավանդականից ոչ ավանդականի ճանապարհին

28.06.2017 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մաթիաս Քիսլեր #Վախթանգ Աբրահամյան #Հայկ Հարությունյան
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր ասել է, որ վերականգնող էներգետիկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, եւ այս առումով երկիրը ճիշտ ուղու վրա է:

Մաթիաս Քիսլերը նման տեսակետ է հայտնել այսօր՝ Գերմանահայկական հիմնադրամի շրջանակում իրականացվող «Վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի շահառուների համար կազմակերպված սեմինարի ընթացքում:

«Հայաստանի նման երկրում, որտեղ էներգիայի մեծ մասը ստացվում է ատոմակայանից եւ գազօգտագործումից, շատ կարեւոր է դիվերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսներն ու ավելացնել վերականգնվող էներգետիկայի բաժինը՝ ապահովելու երկրի էներգետիկ անվտանգությունը: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է աստիճանաբար շեշտը դնի վերականգնվող էներգետիկայի վրա, հատկապես որ արեւայինի տեխնոլոգիաների գները բավական նվազել են եւ այսօր կարող են մրցակցել ավանդական էներգետիկ աղբյուրների հետ»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Գերմանիան ավանդական էներգետիկայից ոչ ավանդականի անցնող առաջատար երկրներից է եւ աջակցում է մյուս երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ոլորտի զարգացմանը:

«Էներգետիկան հայ-գերմանական երկկողմ համագործակցության հիմնարար ոլորտներից մեկն է, եւ վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրագործման համար Գերմանիայի կառավարությունը Գերմանահայկական հիմնադրամի միջոցով Հայաստանին մոտ €150 մլն է տրամադրել, որից €50 մլն-ն ուղղվել է «Որոտանի ՀԷԿ-երի համալիր»-ի վերանորոգմանը»,- ընդգծել է Մաթիաս Քիսլերը:

ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանն էլ նշել է, որ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտում Գերմանիայի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը համակարգային նշանակություն ունեն Հայաստանի համար:

«Գերմանական KfW բանկի հետ մեր համագործակցությունը կարեւոր կառուցվածքային բարեփոխումների է հանգեցրել նաեւ ֆինանսական համակարգում: Մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում բանկերում ձեւավորվել են համապատասխան կարողություններ եւ ներգրավվել մասնագետներ, որի շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծել բիզնես վարկավորման համար: Բացի այդ, այս վարկային ծրագրի շրջանակում տոկոսադրույքներն էապես ցածր են շուկայականից, ինչը հնարավորություն է տալիս էլ ավելի շահագրգռել պոտենցիալ ներդրողներին»,- նշել է ԿԲ փոխնախագահը՝ ընդգծելով, որ  ծրագրի հիմքում դրված սկզբունքները թույլ են տալիս ապահովել վարկերի վերադարձելիություն եւ շարունակական ֆինանսավորում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն էլ կարեւորել է բանկերի դերն այս գործում:

«Ֆինանսական կառույցների մասնակցությունը վերականգնվող էներգետիկայի զարգացման գործում դժվար է թերագնահատել: Իրականում ճիշտ ֆինանսական գործիքները՝ ճիշտ տոկոսադրույքներով, վերականգնվող էներգետիկայի ոլորտի առաջխաղացման գլխավոր նախապայմաններն են»,- ընդգծել է փոխնախարարը:

Ներկայացնելով ոլորտում վերջին շրջանում իրականացված բարեփոխումները՝ Հայկ Հարությունյանը հիշեցրել է, որ սեփական կարիքների համար մինչեւ 150 կՎտ հզորությամբ ինքնավար արեւային կայաններ ունեցող անձիք իրենց արտադրած ավելցուկային էներգիան կկարողանան վաճառել էլցանցերին՝ առանց հատուկ լիցենզիաների ստացման եւ հարկման:

Բացի այդ, սահմանվել է հատուկ սակագին մինչեւ 1 մգվտ հզորությամբ արեւային էլեկտրակայանների արտադրած էներգիայի համար:
Դիտում՝ 2076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW