ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, որի շրջանակում այցելել է Հրազդանում կառուցվող լոլիկի արտադրության ջերմոցային համալիր: Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Գրին Ֆարմեր»-ի տնօրեն Հայկ Հունանյանը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել ջերմոցային համալիրի շինարարությունը, որի համար ներդրվելու է 5.5 մլրդ դրամ: 11 հա տարածք ունեցող ջերմոցային տնտեսությունում տարեկան նախատեսվում է արտադրել 5000-6000 տոննա լոլիկ, որի մեծ մասը կիրացվի տեղական շուկայում: Արտահանման շուրջ արդեն բանակցություններ են վարվում Ռուսաստանի եւ արաբական երկրների հետ: Այստեղ նախատեսում են հաջորդ երկու տարիների ընթացքում կառուցել եւս 20 հա լոլիկի արտադրության ջերմոցային համալիր, որը կապահովի 200 մշտական աշխատատեղ տեղի բնակչության համար: Այնուհետեւ նախարարն ուղեւորվել է գյուղմթերքի արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող «Վիլֆուդ» ՍՊԸ: Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Առաքելյանը տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքի մոտ 35 տոկոսն իրացվում է տեղական շուկայում, իսկ մնացած մասն արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ եւ Ֆրանսիա: Օգոստոս ամսին նախատեսվում է վերաբացել նոր արտադրամաս, որը թույլ կտա կրկնապատկել արտադրանքի ծավալները: Բացի այդ, ընկերությունում 2008թ. ներդրվել է գերմանական նոր հոսքագիծ, որի շնորհիվ հնարավոր է դարձել կազմակերպել եվրոպական ստանդարտներին համապատասխանող կափարիչների արտադրություն: Այցի ավարտին Իգնատի Առաքելյանն ուղեւորվել է Նոր Գեղի համայնքում նորակառույց «Քեյ Էմ Ջի» ելակի ջերմոցային տնտեսություն: Ընկերության տնօրեն Դմիտրի Ալեքսեյենկոն նշել է, որ 3 հա-ի վրա սկսել են զբաղվել ելակի արտադրությամբ, աճեցնում են «Ալպիոն» տեսակի ելակ: Օգոստոսին նախատեսում են բերք ունենալ, որը կիրացնեն տեղական շուկայում, ինչպես նաեւ կարտահանեն Ռուսաստան: «Մենք այսօր եղանք մարզում կառուցվող նոր ջերմատներում, որոնք ամբողջությամբ նոր ներդրումներ են եւ արտահանման մեծ ներուժ ունեն: Եղել ենք նաեւ «Վիլֆուդ» գործարանում, որը բարձրակարգ պահածոյացված արտադրանք է թողարկում եւ շարունակում է ներդրումներ կատարել՝ ընդլայնելու արտադրությունը: Սրանք այն լավ օրինակներն են, որոնք դրական ազդակ կլինեն մյուս ներդրողների համար այն առումով, որ հայկական արտադրանքը մրցակցային կարող է լինել Ռուսաստանի եւ արտերկրի շուկաների համար»,- ամփոփելով այցի արդյունքները՝ ասել է Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ ջերմոցաշինությունը Հայաստանում զարգացման նոր թափ է ստանում, քանի որ այստեղ ռիսկերը նվազագույնի են հասցված, այն ապահովագրված է բնակլիմայական աղետներից, ավտոմատացված համակարգեր են ներդրված, որտեղ մարդկային գործոնը շատ փոքր է: Անդրադառնալով կառավարության ծրագրի գյուղատնտեսության հատվածին՝ նախարարը նշել է, որ նախատեսվում է մատչելի ֆինանսական միջոցներ տրամադրել գյուղացիական տնտեսություններին կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի, ինտենսիվ այգիների համար: Բացի այդ, 2018-ից կիրականացվի ապահովագրական համակարգի փորձնական ծրագիրը, որպեսզի շատ արագ այն ներդրվի հանրապետության բոլոր թիրախային գոտիներում՝ կարկտահարության եւ բնական այլ աղետների վնասները փոխհատուցելու նպատակով, ինչն այսօր արդիական խնդիր է գյուղատնտեսության զարգացման ճանապարհին: Tweet Դիտում՝ 2034