Նախարարն այցելել է Թեղուտի լեռնահանքային համալիր

20.06.2017 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Թեղուտ #Վալլեքս
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայր՝ ծանոթանալու լեռնահանքային համալիրի գործունեությանը, ծրագրերին եւ խնդիրներին։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հանքավայր, հանքային մեքենաների եւ սարքավորումների վերանորոգման եւ սպասարկման ծառայություն, լեռնահարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար։

«Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը նախարարին է ներկայացրել լեռնահանքային համալիրի գործունեությունը՝ նշելով, որ Թեղուտի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է $400 մլն-ը:

Ընդհանուր առմամբ, խմբի ընկերությունների ներդրումը Հայաստանում եւ Արցախում անցած քսան տարիների ընթացքում կազմում է մոտ $700 մլն: Միայն 2016թ. խմբի ընկերությունների կողմից ՀՀ եւ ԼՂ պետական բյուջե կատարած վճարումների հանրագումարը գերազանցում է $40 մլն-ի սահմանագիծը:

Վալերի Մեջլումյանի խոսքով՝ «Թեղուտ» ընկերությունն ունի շուրջ 1150 աշխատող, գերժամանակակից հարստացուցիչ ֆաբրիկա, ինչպես նաեւ hանքարդյունաբերության ոլորտի ամենաժամանակակից սարքավորումներ՝ մատակարարված աշխարհահռչակ ընկերություններից։

Նախարարն այցելել է նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարան։ Ընկերության ղեկավարները նշել են, որ այն շուրջ 600 աշխատակից ունի եւ միակն է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Հարավային Կովկասում։ Այժմ արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան վերամշակել մինչեւ 50 հազ. տոննա պղնձի խտանյութ եւ արտադրել մոտ 13 հազ. տոննա սեւ պղինձ։

Ալավերդիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված  միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Խումբը պատասխանատու է նոր պղնձաձուլարանի նախագծմանն առնչվող աշխատանքներում «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի աջակցության հարցերի համար։

Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առանց էական ներդրումների եւ ժամանակակից բնապահպանական պահանջներին համապատասխանեցնելու՝ երկարաժամկետ գործունեություն հնարավոր չէ իրականացնել։

«Կառավարությունը, անմիջական մասնակից լինելով զարգացման ծրագրին վերաբերվող քննարկումներին, հնարավորություն ունի ընթացքում ձեռնարկել կազմակերպության համար օգտակար բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։
Դիտում՝ 1813
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW