Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 25%-ով

20.06.2017 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Վարդան Տողանյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հայ-ռուսական տնտեսական կապերում էական դեր ունի Ռուսաստանի հայկական համայնքը, որը «ոչ միայն զարգացնում է Ռուսաստանի տնտեսությունը, այլեւ ներդրումներ է կատարում Հայաստանում, մասնակցում Հայաստանի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում»:

Այս մասին նախագահն ասել է այսօր՝ Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ հանդիպմանը:

«Ես համարում եմ, որ վերջին ժամանակահատվածում համագործակցության մի շատ մեծ ոլորտ է ի հայտ եկել, եւ մենք ուղղակի պարտավոր ենք ջանքեր գործադրել այդ ոլորտի զարգացման համար. դա զբոսաշրջության ոլորտն է: Վերջին հինգ ամիսների ընթացքում մեր հանրապետություն այցելած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 25%-ով աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ես վստահ եմ, որ տարեկան արդյունքը շատ ավելի բարձր է լինելու»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են ընդհանուր ներդրումների 47%-ը, ռուսական կապիտալը ներկայացված է ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներում:

«Ես կարծում եմ, որ առեւտրաշրջանառության այն աճը, որ մենք գրանցել ենք, իսկ 2016թ. գրանցել ենք առեւտրաշրջանառության ծավալի շուրջ 15%-ի աճ, նաեւ մեզ համար շատ կարեւոր արտահանման ավելի քան 50%-ի աճ, իհարկե, պայմանավորված է նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Այդ անդամակցությամբ եւ Ռուսաստանի Դաշնության հետ մեր ամուր հարաբերություններով են նաեւ պայմանավորված այսօր Հայաստան մատակարարվող էներգակիրների համար բարենպաստ պայմանները: Ընդհանրապես, կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առանձնահատուկ հանգամանք կա, եւ դա այն է, որ տնտեսական հարաբերությունները կառուցվել են հիմքում ունենալով ամուր բարեկամական հարաբերություններ»,- ասել է նախագահը:

Վարդան Տողանյանն էլ զեկուցել է, որ 2016 թվականին եւ 2017 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցությունը շարունակել է զարգանալ՝ համալրվելով առավել նպատակային ծրագրերով եւ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված առաջնահերթություններով:

«Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլում, այդուհանդերձ, առկա են որոշ հարցեր, մասնավորապես՝ առեւտրաշրջանառության տիրույթում, որոնք ենթակա են երկու երկրների միջեւ գործող տնտեսական համագործակցության միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների քննարկմանն ու վերանայմանը»,- ընդգծել է դեսպանը՝ նշելով հատկապես Հայաստանից Ռուսաստան ապրանքների եւ ծառայությունների արտահանման հարցում դեռեւս պահպանվող ֆինանսական եւ մաքսային որոշ սահմանափակումները, Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային միգրացիայի խնդիրները, ՌԴ տարածաշրջաններում Հայաստանի ապրանքատեսականու ներկայացվածության ոչ բավարար մակարդակը եւ մի շարք այլ հարցեր:

Դեսպանի զեկույցը, հաշվետվությունից բացի, ներառել է հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման խթանմանն ուղղված առաջարկություններ:
Դիտում՝ 9327
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW