«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» (ՖԿԱ) վարկային կոոպերատիվը եւ Ֆրանսիական խնայողական բանկերի ազգային ֆեդերացիան (FNCE), շնորհիվ կամավորական սկզբունքների վրա հիմնված իր համագործակցությունների ծրագրի, նախօրեին Փարիզում տեխնիկական համագործակցության պայմանագիր են ստորագրել: Ինչպես հայտնել են ՖԿԱ-ում, պայմանագիրը նպատակ ունի նպաստելու «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի աշխատակիցների կրթամակարդակի եւ հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ եվրոպական կոոպերատիվ մշակույթի լավագույն փորձի կիրառմանը:Ստորագրմանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, դեսպանորդ Լեւոն Ամիրջանյանը, BPCE խմբի Կառավարող խորհրդի նախագահի խորհրդական Նիկոլա Դուհամելը, որը զբաղվում է BPCE-ի հասարակայնության հետ կապերով, BPCE International-ի Հաղորդակցության եւ ինստիտուցիոնալ կապերի բաժնի ղեկավար Ֆրանսուա Նոել Ռոբինեն, FNCE-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ ֆինանսական բաժնի ղեկավար Ֆլորանս Ռենեիքսը եւ FNCE-ի նախագահ Ժան Արոնդելը:CIBP միջազգային կոնգրեսի ժամանակ ունեցած մի քանի հանդիպումների արդյունքում, ապա դրանց հաջորդող FNCE-ի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած հանդիպումներից հետո երկու կազմակերպությունները որոշել են համագործակցության պայմանագիր ստորագրել:«Այս պայմանագիրը հիմքեր է կառուցում հետագա արդյունավետ համագործակցության համար»,- նշել է FNCE-ի նախագահ Ժան Արոնդելը:Նրա կարծիքը հավաստել է նաեւ ՖԿԱ նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը:«FNCE-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ֆրանսիական կոոպերատիվ մշակույթի լավագույն փորձը կիրառել մեր զինանոցում»,- ընդգծել է նա:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն ունի 6 500 անդամ-փայատեր, ակտիվները կազմում են €17,5 մլն, կապիտալը՝ €2,1 մլն: Կազմակերպությունը լիզինգով տրամադրել է 130 միավոր գյուղտեխնիկա՝ €1,2 մլն ընդհանուր արժողությամբ, ինչպես նաեւ 12 512 վարկ՝ €51 մլն ընդհանուր արժողությամբ: FNCE-ն ներկայացնում է տարածաշրջանային 16 խնայողական բանկեր, նրանց առաջնորդներին, 5 մլն կոոպերատիվ փայատերերին եւ տեղական խնայողական միությունների 3 292 խորհրդի անդամներին: Ազգային ֆեդերացիան ստեղծվել է, երբ խնայողական բանկերին 1999թ. շնորհվել է կոոպերատիվ բանկերի կոչում, եւ որպես նրանց լիիրավ ներկայացուցիչ՝ ֆեդերացիան այսօր առաջ է տանում խնայողական բանկերի մոդելի ինքնատիպությունն ու յուրօրինակությունը Ֆրանսիայի, Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի տնտեսական եւ հասարակական սեկտորներում: Tweet Դիտում՝ 6392