Fitch-ը վերահաստատել է Երեւանի վարկանիշը B+ մակարդակում
05.06.2017 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ArmTravel-ի ֆեյսբուքյան էջ

Միաժամանակ, Երեւանին շնորհվել է արտարժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ B վարկանիշ:
Գործակալության բնորոշմամբ՝ Երեւանի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի B+/կայուն վարկանիշով, մասնավորապես՝ կապված «երկրի տեղական եւ տարածքային կառավարման ինստիտուցիոնալ թույլ հիմքերի հետ»: Բացի այդ, վարկանիշը հաշվի է առնում Երեւանի մայրաքաղաքի կարգավիճակը, բյուջեի գոհացուցիչ կատարումը՝ շնորհիվ պետբյուջեից մշտական հատկացումների եւ պարտքեր չունենալու հանգամանքի:
Fitch-ն ակնկալում է, որ Երեւանը կշարունակի վարել գոհացուցիչ ֆիսկալ քաղաքականություն՝ 2017-2019 թթ. գրանցելով գործառնական մարժայի ավելի ցածր ցուցանիշ (2016թ. այն կազմել է 1,6%):
«Քաղաքի գործառնական եկամուտների կրճատումը, պայմանավորված 2014-2015 թթ. Հայաստանի տնտեսական աճի դանդաղեցմամբ, ամենայն հավանականությամբ, կշարունակվի: Կանխատեսում ենք, որ 2017-2019 թթ. Երեւանը կվարի գրեթե հավասարակշռված բյուջե՝ համահունչ իր պատմական ցուցանիշներին (2012-2016 թթ. բյուջեի պակասուրդը կազմել է 0,15%)»,- ասված է հաղորդագրության մեջ:
2016թ. Երեւանի գործառնական եկամուտը կազմել է 77,3 մլրդ դրամ՝ ամրապնդվելով պետական հատկացումների եւ տեղական հարկահավաքման կայուն հոսքերով: Ըստ Fitch-ի՝ Երեւանը կշարունակի ֆինանսական աջակցություն ստանալ պետբյուջեից, իսկ հատկացումների ներկա մակարդակը կշարունակի մնալ կայուն` կազմելով գործառնական եկամուտի 75%-ը (2015-ին այն կազմել է 76%):
«Մայրաքաղաքի կապիտալ ծախսերը 2016-ին շարունակել են նվազման միտումը՝ կազմելով 5,7 մլրդ դրամի կամ ընդհանուր ծախսերի 7%-ը: Կապիտալ ծախսերի այս կրճատումը սպասելի էր, քանի որ Երեւանն ավարտել է նյութական ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները՝ պետական եւ դոնորներից ստացված ֆինանսավորման հաշվին»,- կարծում են վերլուծաբանները:
Երեւանի կապիտալ ծախսերը, ըստ Fitch-ի, կշարունակեն ֆինանսավորվել ակտիվների վաճառքի եւ պետբյուջեից ստացվող կապիտալ հատկացումների հաշվին:
«Երեւանը շահում է մայրաքաղաքի իր կարգավիճակից: Այն երկրի ֆինանսատնտեսական կենտրոնն է եւ առաջադեմ ծառայությունների ամենամեծ շուկան: Բացի այդ, Երեւանը ՀՀ մեգապոլիսն է. այստեղ ապրում է երկրի ընդհանուր բնակչության 36%-ը: Այդուհանդերձ, բնակչության եկամուտների մակարդակը միջազգային չափորոշիչներով ցածր է: Մեր հաշվարկներով՝ Երեւանում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը տարածքային կտրվածքով կազմում է 1,8 մլն դրամ (մոտ $3 770)»,- կարծում են Fitch-ի վերլուծաբանները:
Հիշեցնենք, որ Fitch Ratings-ի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ անցած տարվա աշնանը ստորագրվել էր համաձայնագիր եւ նույն տարվա դեկտեմբերին գործակալությունը Երեւանին առաջին անգամ հանրային ֆինանսական բնագավառում միջազգային վարկանիշ էր շնորհել:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: