Հայաստանի բանկային համակարգում ընթացող կոնսոլիդացիոն գործընթացը նպաստել է չաշխատող ակտիվների տեսակարար կշռի նվազմանը:Այսօր այսպիսի տեսակետ է հայտնել ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «2016թ. ֆինանսական կայունության հաշվետվությունը»:ԿԲ ներկայացուցչի խոսքով՝ 2016թ. ավարտին չաշխատող վարկերի հարաբերակցությունն ընդհանուրին կազմել է 6,7%, այն դեպքում, երբ 2015թ. վերջին ցուցանիշը կազմում էր 7,8%: Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ ՀՀ տարածքում գործող բանկերը հաջողությամբ բավարարել են նորմատիվային ընդհանուր կապիտալի սահմանաչափի բարձրացման պահանջը, որի շնորհիվ բարելավվել են համակարգի կապիտալացվածությունն ու իրացվելիությունը: 2016թ. բանկային համակարգի կապիտալը 2014թ. համեմատ ավելացել է 38,6%-ով: Արդյունքում, բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 3,8 տոկոսային կետով եւ տարեվերջին կազմել 20%, իսկ ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները ավելացել են 4,5 եւ 28,4 տոկոսային կետով եւ կազմել համապատասխանաբար 32,5% եւ 170,8%:«Կապիտալի ավելացումը ֆինասական համակարգում հնարավորություն կտա լրացուցիչ գործիքներ ձեւավորել, այդ թվում՝ այլ կառույցներում: Մեզ մոտ արդեն սկսում են ներդրումային հիմնադրամներ ձեւավորվել, որոնք առաջարկում են բանկային գործիքներին այլընտրանք»,- նշել է նա: Անդրանիկ Գրիգորյանն ընդգծել է, որ 2016թ. բանկային համակարգում արձանագրվել է վարկավորման 16% աճ, տոկոսադրույքները նվազել են 1-2 տոկոսային կետով: Համակարգը 2016թ. մոտ 31,7 մլրդ դրամ շահույթ է ստացել:Banks.am-ի հարցին, թե արդյոք 2016թ. անհուսալի վարկերի վերադարձման միտումը նպաստել է արդեն 2017թ. առաջին եռամսյակում բանկերի շահույթի զգալի ավելացմանը, Անդրանիկ Գրիգորյանը պատասխանել է, որ նման ազդեցություն իսկապես եղել է: «Բնականաբար, նման ազդեցություն գոյություն ունի: Եթե անհուսալի ճանաչված վարկը հետ է վերադարձվում, ապա այն մտնում է բանկի հաշվեկշիռ: 2017թ. առաջին եռամսյակում այս գործոնը եւս ազդել է բանկերի շահույթի վրա, սակայն չի եղել դրա ստացման հիմնական աղբյուրը: Բանկերը ռեալ շահույթ են արձանագրել»,- ընդգծել է նա:ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն էլ ներկայացրել է բանկային համակարգի կարգավորմանը վերաբերող ԿԲ վերջին որոշումները՝ այս համատեքստում ընդգծելով բանկոմատների անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերը:Մասնավորապես, առաջիկայում բանկոմատներն ու այլ ավտոմատ սարքերը կհագեցվեն տեսանկարահանման համակարգով, իսկ սարքի ամբողջականությունն անօրինական վնասելու դեպքում բանկոմատում գտնվող բոլոր թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով՝ դարձնելով այդ թղթադրամները օգտագործման համար ոչ պիտանի եւ անվճարունակ:Մհեր Աբրահամյանը նաեւ տեղեկացրել է, որ ԿԲ-ն քննարկում է նոր տիպի թղթադրամների ներդրման հարցը՝ առաջիկայում նախատեսելով անցում կատարել պլաստիկ կամ հիբրիդային թղթադրամների: Tweet Դիտում՝ 2938