Բաղանիս. բիզնեսը համայնքի կողքին

16.05.2017 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
#«Սահման» ՀԿ #Բաղանիս
Տավուշի մարզի Բաղանիս համայնքը Նոյեմբերյանի շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանից մինչեւ 1 կմ հեռավորության վրա։ Գյուղաբնակների հիմնական զբաղմունքը ավանդաբար եղել է անասնապահությունն ու հողագործությունը։

Տարեսկզբին Բաղանիսում «Սահման» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկել էր ընտանեկան բիզնեսների աջակցման ծրագիրը, որի շրջանակում ընտրվել էր 5 շահառու։ Հողագործության աշխատանքների բացմանն ընդառաջ Banks.am-ը փորձել է պարզել, թե ինչ փուլում է գտնվում ծրագիրը։

Թեեւ տարիներ շարունակ հողագործությունը համարվել է բաղանիսցիների հիմնական զբաղմունքը, համայնքում հողի փխրեցման մեխանիզմ չի եղել։

«Գյուղապետարանում հայտարարություն կար, որ մինի բիզնեսի աջակցության ծրագիր է լինելու, ինչ ուզում եք գրեք, ես էլ մոտոբլոկ ուզեցի։ Համայնքի գործն եմ անում, համայնքին օգնում եմ, բայց փողը ես եմ վերցնում»,- պատմում է ծրագրի շահառուներից Գեւորգ Սահակյանը, որին ծրագրի շրջանակում տրամադրվել է հողի փխրեցման սարք։


Ծրագիրը ֆինանսավորվում է «Հայ արծիվներ» ամերիկյան նորաստեղծ հիմնադրամի կողմից, որը յուրաքանչյուր շահառուի տրամադրում է 600 հազ. դրամի սարք-սարքավորում:

«Սահման» ՀԿ-ի համահիմնադիր եւ Բաղանիսում ընտանեկան բիզնեսի աջակցության ծրագրի համակարգող Անահիտ Նազարյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ համայնքում բնակիչները հիմնականում օգտագործում են տնամերձ հողատարածքները, որոնք համեմատաբար ավելի քիչ են կրակոցների տակ հայտնվում։ Մինչ այս համայնքում հողի փխրեցման սարք չի եղել, ինչը դժվարեցնում եւ դանդաղեցնում էր համայնքի բնակիչների աշխատանքը։

Հողի փխրեցման աշխատանքները Բաղանիսում սկսվել են մարտի կեսերին եւ արդեն մոտենում են ավարտին։ Շուրջ 1,5 ամսվա ընթացքում Գեւորգ Սահակյանը փխրեցրել է ավելի քան 30 հա հողատարածք։ Այս պահին սարքը բավարարում է միայն համայնքի պահանջները, քանի որ աշխատանքը ծանր է ու ժամանակատար, սարքը՝ մեկը։

Աշխատանքը թեթեւացնելու համար Գեւորգ Սահակյանը գործընկեր է գտել, որին բաժին է ընկնում ստացված եկամուտի 30%-ը։ Եկամուտից էլ չի դժգոհում։

«Սարքը ես չեմ գնել, բայց նորմալ որ աշխատեի, երկու սեզոնում գինը կհանեի»,- ասում է Գեւորգ Նազարյանը։

Թեեւ առաջին տարին էր, եւ հաշվարկները «աչքաչափով» են արել, բայց հաջորդ տարի, խոստանում է՝ կունենա ծառայությունների հստակ գնացուցակ։

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 1723
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW