Երեւան, 11 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ քննարկել է “Գույք` պարտքի դիմաց” ծրագրով Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների գործարկման հարցերը: ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդման համաձայն, կողմերը խոսել են նաեւ տրանսպորտային հաղորդակցությանն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրների մասին: Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Իվանովը որպես հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման արդյունք են գնահատել փաստը, որ ռուսական կապիտալը գնալով ընդլայնում է ներկայությունը Հայաստանում, մեծանում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը: Սերգեյ Իվանովին այսօր ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա ասել է, որ տրանսպորտային հաղորդակցության հարցը շարունակում է մնալ ամենացավոտը: Այդ կապակցությամբ նա գոհունակություն է հայտնել օրերս Կավկազ-Փոթի լաստանավային ուղու գործարկման վերաբերյալ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ “Գույք` պարտքի դիմաց” համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների վերագործարկման հարցին, նշելով, որ հայկական կողմն անհրաժեշտ բոլոր պայմանները պատրաստ է ապահովել` այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: Սերգեյ Իվանովն, իր հերթին, կարեւորել է “կոմերցիոն տեսանկյունից արդյունավետ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8591