ՏՄՊՊՀ-ն կանոնագիրք է մշակել դեղագործական ընկերությունների համար

04.05.2017 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր հայտնել է, որ «դեղագործության ոլորտում պարբերաբար կատարած ուսումնասիրությունների ընթացքում բազմիցս բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք օրենքով կամ իրավական որեւէ ակտով կարգավորած չեն»:

Կարեւորելով դրանց կարգավորման անհրաժեշտությունը, ՏՄՊՊՀ-ը այդ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար մշակել է բարեխիղճ վարքագծի կանոնագիրք, որը կկարգավորի սուբյեկտների փոխհարաբերությունները, առաջացած խնդիրները, ինչպես նաեւ կխրախուսի մրցակցային վարքագծի արդար, բարեխիղճ եւ հավասար կանոնների ստեղծումը, ասված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, կանոնագրքով հստակ սահմանվել է, որ դեղ արտադրող  կամ ներմուծող ընկերություններին արգելվում է առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրել  ցանկացած տեսքով պարգեւատրում, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն հիվանդներին նշանակել հենց իրենց կողմից առաջարկվող դեղամիջոցները: Բացի այդ, բուժաշխատողների  համար հաճախ կազմակերպվող մասնագիտական սեմինարները չպետք է պարտադրեն վերջիններիս աջակցելու կազմակերպիչների դեղամիջոցների վաճառքի ծավալների ավելացմանը:

Հանձնաժողովը հայտնել է, որ հաճախ է այս կամ այն դեղագործական ընկերությունից դժգոհություն ստանում նաեւ այն մասին, որ մրցակից ընկերությունները մեծ  քանակով դեղամիջոցներ եւ սարքավորումներ են նվիրում բժիշկներին, որպեսզի վերջիններս հիվանդներին ուղղորդեն հենց իրենց դեղատներ:

Այդ պատճառով կանոնագրքում ամրագրվել է դրույթ, որի համաձայն արգելվում է գովազդի նպատակով դեղագործական ընկերությունների կողմից բուժաշխատողներին դեղերի անվճար նմուշների տրամադրումը։

Կանոնագրքին միացած դեղագործական ընկերությունները պարտավորվում են նաեւ առողջապահության ոլորտի մասնագետներին չտրամադրել անձնական օգտագործման համար, այսինքն` բժշկության մեջ ոչ պիտանի  նվերներ: Իսկ հուշանվերների (դեղարտադրող ընկերության լոգոտիպով օրացույց, սեղանի ժամացույց, նոթատետր եւ այլն) արժեքը չի կարող գերազանցել 15 հազար դրամը:

Կանոնագրքի առանցքային կետերից մեկն էլ այն է, որ բոլոր տնտեսվարողները պարտավորություն են ստանձնում ձեռնարկելու անհրաժեշտ եւ հնարավոր բոլոր միջոցառումները, որպեսզի շուկա հանեն ժամանակակից, անվտանգ եւ արդյունավետ դեղագործական արտադրանք, եւ, բացի այդ, իրենց գործունեությամբ եւ վարքագծով չխաթարեն մրցակցությունը: Նրանք պարտավորվում են իրենց  արտադրանքը ձեռքբերող բոլոր ընկերությունների համար ապահովել բարեխիղճ եւ ոչ խտրական վաճառքի պայմաններ:

ՏՄՊՊՀ-ն նշել է, որ կանոնագրքի նախագծային տարբերակը քննարկվել է Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի, միության անդամների, եւ մի քանի տասնյակ  դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Դիտում՝ 1690
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW