ՏՏ եւ գյուղատնտեսության ոլորտներում հայ-հնդկական կապերը կխորանան

25.04.2017 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ տեխնոլոգիաների փոխանցման եւ գյուղատնտեսության ոլորտներում հայ-հնդկական հարաբերությունները մեծ ներուժ ունեն:

Այս մասին վարչապետն ասել է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի հետ հանդիպման ժամանակ, որը պաշտոնական այցով Երեւանում էր:     

Կարեն Կարապետյանի խոսքով` ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի:

Վարչապետի դիտարկմամբ՝ որպես բիզնես ծրագիր՝ այն մեծ ներուժ ունի, եւ դրա հետագա շահագործմանն ու արդիականացմանը պետք է մոտենալ այդ տեսանկյունից:

Կարեն Կարապետյանը կարեւորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ու հեռաբժշկության ցանցի ստեղծման համար հնդկական կողմի տրամադրած օժանդակությունը:

«Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանկանայի նշել Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ԵՄ հետ GSP+ առեւտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ: Առաջարկում ենք դիտարկել նաեւ  հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում գործող ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Նա հավելել է, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է, ու Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը:

Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարեւորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաեւ Հնդկաստանը, եւ ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով դեպի ՌԴ եւ Եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ եւ մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ:

Համիդ Անսարին եւս կարեւորել է հայ-հնդկական հարաբերությունների խորացումը:

«Այսօրվա աշխարհը տեխնոլոգիաների աշխարհ է եւ մենք ունենք առաջանցիկ աճ՝ տեխնոլոգիական աշխարհի պահանջներին հարմարվելու առումով: Հնդկաստանն ունի կարողություններ եւ պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագիտության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության,  գյուղատնտեսության եւ  այլ ոլորտներում»,- ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը:
Դիտում՝ 1732
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW