ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գյուղատնտեսության նախարարություն կատարած այց ընթացքում հայտարարել է, որ յուրաքանչյուր միջոց ծախսելիս, որոշում կայացնելիս պետք է ունենալ կոշտ վերաբերմունք: «Պետք է հասկանալ՝ ի՞նչի համար ենք ծախսում, ի՞նչ է լինելու արդյունքում: Յուրաքանչյուր ծախսին, յուրաքանչյուր որոշմանը պետք է հետեւի թվային պատասխան: Ինձ պետք է թվով ներկայացնեք, թե ինչ ենք ստանալու արդյունքում: Այլ լուծում չի ընդունվելու: Վերլուծել, մոնիտորինգ եւ նմանատիպ բառերը պետք է օգտագործեք նվազագույնը, խոսում ենք լակոնիկ, գումարով, արդյունքով»,- ասել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացմանը՝ վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ներկայացնել համապատասխան ծրագիր: «Ինչո՞ւ առ այսօր հաշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում եւ դրա դիմաց ինչ ենք կարողանում անել: Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը: Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է եւ սերմերի արտադրությամբ, եւ վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:Խոսելով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մասին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Հիմնադրամը պետք է դարձնենք այն գործիքը, որով ֆերմերային տնտեսություններ ենք զարգացնելու, կաթիլային համակարգ, ինտենսիվ այգի ենք ներդնելու, լիզինգային ծրագիր ենք իրականացնելու, խորհրդատվական ծառայություն ենք մատուցելու, որպեսզի իրավիճակ փոխենք»: Tweet Դիտում՝ 1785