ԵՄ-ն հայկական ստարտափներին խրախուսում է դրամաշնորհներով

11.04.2017 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՁԻՀ #Crosspring #Siliconseeds

Աղվերանում ապրիլի 8–9–ը տեղի ունեցած հանդիպմանը ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ միջազգային եւ տեղական փորձագետները 24 ստարտափների փոխանցեցին իրենց խորհուրդները դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլին ընդառաջ:

Մրցույթի առաջին փուլում 40 ստարտափներից ընտրված  24 ներկայացուցիչներից լավագույն նախագծերի հեղինակները մայիսի 5–9–ը նախատեսված Վենչուրային համաժողովի ժամանակ կարժանանան դրամաշնորհի:  

ԵՄ ծրագրով նախատեսված է մինչեւ 18 դրամաշնորհ: 30 հազարից մինչեւ 50 հազար եվրոյի չափով դրամաշնորհներն առավելագույնը 1 տարի ժամկետով կտրվեն նորարարական ծրագրերի իրականացման համար, իսկ գիտական եւ տեխնոլոգիական ձեռնարկատիրության ծրագրերի համար դրամաշնորհների մրցույթի շրջանակում կհատկացվի մոտ 10 դրամաշնորհ՝ մինչեւ 15 հազար եվրոյի չափով:

Աղվերանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին Նիդեռլանդներում գործող Crosspringեւ Իսպանիայի Սալամանկա քաղաքում հիմնադրված Siliconseeds ընկերությունների ներկայացուցիչները:

Ինտերնետի, բջջային հեռախոսների հավելվածների, խաղերի ոլորտում բիզնեսի հաջողություններ արձանագրած Crosspring ընկերության ներկայացուցիչ Մորիս Բեքենդ Վերվին ներկայացրեց իր համոզմունքները՝ հաջողակ եւ կայուն բիզնես սկսելու մեթոդների, անհրաժեշտ պայմանների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ հայկական ընկերություններին օժանդակելու կարիք կա, քանի որ շուկան շատ փոքր է. «Օժանդակության կարիք կա, որպեսզի աճեն միջազգային չափանիշներին համապատասխան»,- նշել է Մորիս Բեքենդ Վերվին:

Նա նշել է, որ միջազգային ասպարեզում հայտնի տարբեր ընկերությունների հետ շփումների ժամանակ իմացել է հայկական ստարտափների հնարավորությունների, ՏՏ ոլորտում արձանագրած հաջողությունների մասին: Երկու ամիս առաջ, երբ Հայաստանում էր, ծանոթանալով հայկական ստարտափների հնարավորություններին, որոշել է ներդրում կատարել,եւ հիմա փնտրում է այլ ստարտափներ եւս, որոնց գաղափարները կյանքի կոչելուն պատրաստ է աջակցել:

Իսպանական Siliconseeds ընկերության ներկայացուցիչ, բիզնեսի զարգացման ռազմավարական հարցերի խորհրդատու Ջեզուս Լոզանոն եւս հետաքրքրված է Հայաստանում ձեռներեցության եւ ներդրումային դաշտով: Ստարտափների հաջողության համար նա կարեւոր է համարում ոչ միայն ֆինանսական ներդրումները, այլեւ «Բիզնեսհրեշտակ» (Business Angel) հնարավորությունների կիրառմամբ ստարտափների գործունեության անհրաժեշտ պլատֆորմ ձեւավորելը:

ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի խորհրդատու, ծրագիրն իրականացնող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչ Պիեր Պրիեւիչը ստարտափների՝ հաջողության հասնելու ճանապարհ է համարում մարքեթինգի գլխավոր բաղադրիչներին պատշաճ տիրապետելու հմտությունը: Պիեր Պրիեւեչի նախաձեռնությամբ տեղի ունեցան մի քանի գործնական աշխատանքներ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնեց, որ ՏՏ ոլորտում լուրջ զարգացումների փորձը նկատի ունենալով՝ այժմ ԵՄ-ի հետ քննարկումները շարունակվում են ճարտարագիտության ասպարեզում եւս հաջողություններ արձանագրելու ուղղությամբ:

Անուշ Մարտիրոսյան

Դիտում՝ 2127
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW