ՊԵԿ. Լրացուցիչ հարկահավաքումը Նոր օրենսգրքի միակ նպատակը չէ

31.03.2017 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #հարկ

ՀՀ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանն այսօր ասել է, որ լրացուցիչ հարկերի հավաքագրումը Հարկային նոր օրենսգրքի ներդրման նպատակներից է, սակայն ոչ ամենակարեւորը:

Այս մասին Արման Պողոսյանը նշել է «Հարկային բարեփոխումների իրազեկում եւ նոր հարկային Օրենսգրքի հիմնական խոչընդոտները» թեմայով կլոր սեղան- քննարկման ժամանակ:

«Մենք չենք թաքցրել, որ մեր նպատակներից մեկը եղել է լրացուցիչ հարկեր հավաքելը, որովհետեւ մեր երկիրն ունի լուրջ մարտահրավերներ` սկսած արտաքին պարտքի ֆինանսավորումից, վերջացրած սոցիալական, տնտեսական խնդիրներով: Չկա աշխարհում մի երկիր, որ ընդունի Հարկային նոր օրենսգիրք եւ հիմնական նպատակադրումներից մեկը չլինի լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը: Բայց, այդուհանդերձ, օրենսգիրքն իր առջեւ դրել է լուծել ոչ պակաս կարեւոր խնդիրներ, որոնցից են գործարար միջավայրի բարելավումը եւ տնտեսական գործունեությամբ զբաղվողներին դրական մեսիջների հաղորդումը»,- ընդգծել է ՊԵԿ ներկայացուցիչը:

Արման Պողոսյանի խոսքով՝ օրենսգրքում կան բազմաթիվ կարգավորումներ, որոնք միտված են ներդրումային եւ գործարար ակտիվության բարձրացմանը, ինչը կնպաստի տնտեսական աճի արագացմանը` արդյունքում ապահովելով հարկման նոր բազաներ:

«Համարձակ քայլեր են կատարվել կիսամյակային պարբերականությամբ ԱԱՀ դեբետային գումարները հետ ստանալու ուղղությամբ: Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն սահմանված չէ, եւ ԱԱՀ դեբետային գումարները կարելի է օգտագործել բացառապես գալիք ժամանակաշրջանում առաջացող ԱԱՀ գծով պարտավորությունների մարման նպատակով: Այս դրույթն ուժի մեջ կմտնի 2018-ից»,- նշել է նա:

Արման Պողոսյանը ներկայացրել է օրենսգրքով նախատեսվող մյուս փոփոխությունները եւս:

Ներդրվել է շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգ. մինչ այդ բոլոր այն տնտեսվարողները, որոնք նախորդ տարին ավարտում էին մեծ շահույթով, իսկ ընթացիկ տարում չէին ունենում բավարար տնտեսական ակտիվություն, ստիպված էին լինում բարձր կանխավճարներ կատարել եւ տարեվերջին էին միայն հետ ստանում դրանք, ինչը հանգեցնում էր շրջանառու միջոցների սառեցման:

Բարեփոխումների արդյունքում հարկատուները հնարավորություն ունեն ընտրել շահութահարկի կանխավճարի՝ իրենց առավել հարմար տարբերակը:

Այլընտրանքային տարբերակով հարկատուն կարող է դիմել ՊԵԿ եւ կանխավճար վճարել նախորդ եռամսյակում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության 2%-ի չափով:

Արման Պողոսյանը նաեւ տեղեկացրել է, որ կառավարությունը նախաձեռնել է հարկային գերավճարների դեմ «պայքար», որի լավագույն գործիքը, ըստ նրա, միասնական գանձապետական հաշվի ներդրումն է:

«Հարկ վճարողը պետական բյուջեի հետ փոխհարաբերություններում շփվելու է միայն միասնական գանձապետական հաշվի շրջանակում: Տրամաբանությունը հետեւյալն է. քանի դեռ հարկային պարտավորությունն արտացոլող հաշվետվություն չի ներկայացվել հարկային մարմնին, այս հաշվին կատարված վճարումները չեն համարվում հարկային եկամուտներ եւ բյուջետային մուտքեր. այն հարկ վճարողի կողմից տնօրինվող հաշիվ է, գրեթե ինչպես բանկային հաշիվը: Այսինքն՝ վերանում է հարկային տեսուչի, հսկողական գործառույթ իրականացնողների մոտիվացիան` հարկ վճարողից գերավճարներ պահանջելու համար»,- նշել է ՊԵԿ ներկայացուցիչը:

Դիտում՝ 2819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW