BBC Advertising-ի տարածաշրջանային գրասենյակների ղեկավար Սերգեյ Ստանովկինն այսօր ասել է, որ Հայաստանի համար ակտուալ առաջադրանք ներդրումային տեսանկյունից գրավիչ երկիր դառնալը:Այս մասին Սերգեյ Ստանովկինը նշել է Երեւանում՝ «Ռազմավարական հաղորդակցություն եւ զբոսաշրջային բրենդ» երկօրյա սեմինարի շրջանակում: «Զբոսաշրջային բրենդը պատասխանատու է նաեւ երկրի ներդրումային գրավչության համար: Ներդրումային գրավչությունն այսօր Հայաստանի համար շատ ակտուալ առաջադրանք է: Տեսնում եմ, որ մեծ ջանքեր են ներդրվում, որպեսզի արտերկրից ներդրումներ գան Հայաստան, բայց ինչպե՞ս անել, որ ներդրողն իմանա Հայաստանի մասին»,- հարցադրում է արել BBC Advertising-ի ներկայացուցիչը:Սերգեյ Ստանովկինի խոսքով՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար առկա է ամեն ինչ, սակայն աշխարհը լավ չի պատկերացնում Հայաստանը:«Այսօր արդեն խնդիրը ոչ թե տեղեկացնելն է, այլ մրցակցային պայքար վարելը, այսինքն` ստեղծել երկրի իմիջ, որտեղ ցանկություն կառաջանա այցելել: Նման իմիջի ստեղծումը բավական բարդ առաջադրանք է: Շատ ավել հեշտ է տուրիստական երթուղիների մասին տեղեկացնելը: Բարդ է ստեղծել երկրի իմիջ, որը կլինի գրավիչ եւ մրցունակ: Հայաստանը ճիշտ բրենդավորելու համար առաջին հերթին պետք է հասկանալ PR-ի ու գովազդի տարբերությունը: Գովազդն այն է, ինչ ցանկանում եք ասել, PR-ը՝ այն, ինչ ձեզանից ցանկանում են իմանալ: Շատ հաճախ դուք պատասխանում եք հարցերի, որոնք ձեզ չեն տրվում, սակայն չեք խոսում, օրինակ, ձեր մրցակցային առավելությունների մասին»,- ընդգծել է Սերգեյ Ստանովկինը:Միջազգային փորձագետը Հայաստանին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրիզմին. «Երբ դուք համաձայնագիր եք կնքում զբոսաշրջային առումով ձեզանից ավելի հաջողակ երկրների հետ, ապա պետք է հասկանալ՝ Հայաստանի՞ց այդ երկիր զբոսաշրջիկներ կայցելեն, թե՞ ընդհակառակը: Եթե հարմար թռիչքային երթուղիներ եւ պայմաններ չկան, ապա միգուցե շո՞ւտ է այդ երկրի հետ նման համաձայնագրի ստորագրումը»: Սերգեյ Ստանովկինը խորհուրդ է տվել կենտրոնանալ այնպիսի հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են՝ Հայաստանի ներդրումային առանձնահատկությունները գտնելը եւ դրանք թիրախային խմբերին հասցնելը: «Հայաստան ուղեւորվելը բավական թանկ է, հարկավոր է գտնել թիրախային այն լսարանը, որն իրեն թույլ կտա գնել ինքնաթիռի նման թանկ տոմս: Իսկ այդ լսարանը սովորաբար շատ պահանջկոտ է եւ ժամանակ չունի տեղեկատվական բուկլետներ նայելու համար, որոնք դուք հաճախ օգտագործում եք Հայաստանը գովազդելու համար»,- ընդգծել է փորձագետը: Սերգեյ Ստանովկինի խոսքով՝ կարեւոր է, որ միջազգային նորությունների ժապավենում Հայաստանը հայտնվի ոչ թե բացասական, այլ դրական լուրերի տեսանկյունից: «Դա գովազդի այն ձեւաչափն է, որն այսօր Հայաստանում դեռ զարգացած չէ: Հայաստանի մասին 30-վայրկյանանոց տեսահոլովակներ ես, օրինակ, չեմ տեսել: Ավելին՝ դուք ակտիվորեն աշխատում եք վավերագրական ֆիլմի ձեւաչափի ուղղությամբ (20-30-րոպեանոց ֆիլմեր), այդ ձեւաչափը ձայնագրվում է DVD-ների վրա, իսկ ո՞վ է նայում այսօր դրանք: Ունե՞ն արդյոք այդ ֆիլմերը լսարան: Հայաստանը գրավիչ է, օրինակ, հնագիտական պեղումների տեսանկյունից. այցելո՞ւմ են այսօր Հայաստան զբոսաշրջիկներ՝ այդ պեղումներին ծանոթանալու համար: Ունե՞ք արդյոք նման թանգարաններ: Երկրի բրենդն առաջիկա մի քանի տարիների համար է ստեղծվում, ինչը բավական բարդ աշխատանք է, քանի որ միայն նկարագրել, թե ինչ կա երկրում, բավարար չէ. բրենդը պետք է լինի էմոցիոնալ, հագեցած եւ հիշվող»,- ամփոփել է Սերգեյ Ստանովկինը: Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անցած շաբաթվա նիստում հանձնարարել էր հոլովակների միջոցով ակտիվորեն գովազդել Հայաստանը: Tweet Դիտում՝ 2570