“Ամենայն հավանականությամբ, մենք Հայաստանում բջջային ծառայությունները կմատուցենք "Բիլայն" բրենդի ներքո”, - ասել է “Վիմպելկոմի” փոխնախագահը

22.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 22 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Վիմպելկոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով փոխնախագահ Սերգեյ Ավդեեւն այսօր Ծաղկաձորում հայտարարել է, որ “մենք բավականին արագ կավարտենք Հայաստանի կառավարությունից “ԱրմենՏելի” բաժնետոմսերի 10%-ի ձեռքբերման գործընթացը”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել “Վիմպելկոմ” ԲԲԸ ղեկավարների եւ “Վիմպելկոմ” խմբի մեջ մտնող “ԱրմենՏել” ՓԲԸ (Հայաստան), “ԿաՌ-Տել” ՍՊԸ (Ղազախստան), “Ուկրաինական Ռադիոհամակարգեր” ՓԲԸ (Ուկրաինա), “ՅՈՒՆԻՏԵԼ” ՍՊԸ (Ուզբեկստան), “ՏԱԿՈՄ” ՍՊԸ (Տաջիկստան), “ՄՈԲԻՏԵԼ” ՍՊԸ (Վրաստան) ընկերությունների գլխավոր տնօրենների խորհրդակցությունը:

Սերգեյ Ավդեեւը հիշեցրել է, որ “ԱրմենՏելի” բաժնետոմսերի 10%-ի վաճառքի նախապայմանը նոր սեփականատիրոջ հրաժարումն էր մենաշնորհնից:

“ՄԵնք հրաժարվեցինք մենաշնորհից եւ ակնկալում ենք բավականին արագ ավարտել բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունն այսօր համապատասխան որոշում կայացրեց”, - ասել է “Վիմպելկոմի” փոխնախագահը:

“Բիլայն” ապրանքանիշի ներքո հանդես եկող “Վիմպելկոմ” ԲԲԸ-ն 2006 թվականի նոյեմբերին հունական OTE-ից ձեռք բերեց “ԱրմենՏելի” բաժնետոմսերի 90%-ը` 341,9 մլն եվրոյով, ինչպես նաեւ ստանձնեց ընկերության 40 մլն եվրո գումարի պարտքը:

Սերգեյ Ավդեեւը հայտարարել է, որ “վաղ թե ուշ, մենք կսկսենք բջջային կապի ծառայությունները Հայաստանում մատուցել “Բիլայն” բրենդի ներքո”:

Ինչ վերաբերվում է ֆիքսված ցանցին, ապա Սերգեյ Ավդեեւը եւ “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը նպատակահարմար են համարում պահպանել նախկին բրենդը:

“ԱրմենՏելը” մեզ համար փոքր-ինչ արտասովոր ընկերություն է, քանի որ մատուցում է ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապի ծառայություններ: Մեզ դեռեւս ժամանակ է հարկավոր, որպեսզի վերջնականապես հասկանանք, թե ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը”, - ասել է Սերգեյ Ավդեեւը:

“Վիմպելկոմի” փոխնախագահի խոսքերով, “մենք գիտենք, որ “ԱրմենՏելն” այդքան էլ լավ իմիջ չունի”: “Մենք ցանկանում ենք վերացնել մենաշնորհը շուկայում, ստեղծել մրցակցային միջավայր, որտեղ օպերատորները պետք է ընկնեն բաժանորդների հետեւից, եւ ոչ թե հակառակը”, - նշել է նա:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, Սերգեւ Ավդեեւը հաստատել է, որ “Վիմպելկոմն” ուսումնասիրում է Հայաստանում կոնվերգենտ (համակցված) ծառայության ստեղծման հեռանկարները` բջջային եւ ֆիքսված ցանցերի ծառայությունների միավորման ճանապարհով:

“Գաղափարը կայանում է նրանում, որ գտնվելով տանը, դուք խոսում եք ձեր տան սովորական հեռախոսով, իսկ դուրս գալով փողոց` օգտագործում եք նույն հեռախոսահամարը ձեր բջջային հեռախոսի վրա”, - ասել է “Վիմպելկոմի” փոխնախագահը:

Միեւնույն ժամանակ, Ավդեեւը խոստովանել է, որ “դա ապագայի ծառայություն է, այն դեռեւս զանգվածային բնույթ չունի”: “Ես նույնիսկ չեմ կարող նշել մասշտաբային կովերգենտ նախագծեր, որոնք ավարտի են հասցվել”, - ասել է “Վիմպելկոմի” փոխնախագահը:

“ԱրմենՏելում” մենք հնարավորություն ունենք փորձել այդ ծառայությունը, քանի որ մենք ունենք ֆիքսված եւ բջջային կապի բացառիկ հաջող միահյուսում մեկ օպերատորի ձեռքում: Մենք մոտ ենք նրան, որպեսզի իրագործենք այդ ծառայությունը գոնե փորձարկման ռեժիմում”, - ասել է Սերգեյ Ավդեեւը:

“Մեզ համար շատ կարեւոր է ֆիքսված ցանցերում իրականացվելիք ծառայությունների փաթեթի ընդլայնումը: Մոտ ժամանակներս առաջին անգամ Հայաստանում կներդրվի բարձր արագությամբ տվյալների փոխանցման ծառայությունը` DSL տեխնոլոգիայի հիման վրա”, - հայտնել է “Վիմպելկոմ” ԲԲԸ փոխնախագահը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8032
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW