Պետբյուջեի հարկային եւ մաքսային եկամուտներն ավելացել են

14.03.2017 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերը հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ամիսների համեմատ, ավելացել են 10,9%-ով, իսկ մաքսային մուտքերը՝ 5,6%-ով:

Ինչպես հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, արձանագրված աճն առավելապես պայմանավորվել է հարկային ստվերի վերհանման եւ կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ:

«ՊԵԿ-ը որպես հարկ վճարողների գործունեության գնահատման հիմնական եղանակ գործածում է կամերալ ուսումնասիրություններն ու վերլուծական գործիքները: Հարկային վարչարարության պատժիչ մեխանիզմները կիրառվում են հարկեր թաքցնելը կանխարգելելու եւ հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակով` նպաստելով հարկերի իրական ծավալների ինքնահայտարարագրմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Արդյունքում, ըստ ՊԵԿ-ի, տարվա առաջին ամիսներին իրականացված բոլոր ստուգումների եւ ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 1050-ով կամ 59%-ով: Փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-փետրվարին արձանագրված 352,9 հազ. դրամի փոխարեն 2017թ. 2 ամիսներին կազմել է 1,3 մլն դրամ (աճ` 266%):

Միեւնույն ժամանակ, խոշոր հարկ վճարողներին բաժին ընկնող հարկային մուտքերը հաշվետու ամիսներին աճել են 13%-ով՝  կազմելով 76,9 մլրդ դրամ:

«2016թ. հոկտեմբերի գնահատականներով` խոշոր հարկ վճարողների շուրջ 57%-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերն ամսական միջին կտրվածքով կազմել են 3,5 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 12 մլն դրամ): Այդ ժամանակաշրջանից սկսած հետեւողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է հարկային ստվերի ցուցանիշների նվազում, եւ այս տարվա մարտի 1-ի դրությամբ` 617 խոշոր հարկ վճարողներից 264-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերը կազմել են 2,4 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 9,2 մլն դրամ)»,- նշել են ՊԵԿ-ում:

Դիտում՝ 2564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW