Զեկույց. ՀՀ տնտեսական կյանքում ինտեգրված է սիրիահայերի 36%-ը
14.03.2017 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԳՄՀԸ/Տաթեւ Մնացականյան

Սիրիահայերի մեծամասնությունը (83%) համոզված է, որ Հայաստանում իր կենսամակարդակը ցածր է Սիրիայում բնակության վերջին 3 տարիների համեմատ:
Այս մասին են վկայում «Հայաստանի տնտեսական զեկույց (ՀՏԶ 2016). Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» վերլուծության արդյունքները:
Ընդ որում, սիրիահայերի մոտ կեսը կարծում է, որ իր կենսամակարդակը ցածր է նաեւ միջին բնիկ հայաստանաբնակի համեմատ:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի սոցիալական կյանքում իրեն ինտեգրված է համարում սիրիահայերի շուրջ կեսը, իսկ տնտեսական կյանքում՝ 36%-ը: Ինտեգրման դժվարություններն ավելի շատ զգում են ծերերը, ավելի քիչ՝ երեխաները: Կանայք ինտեգրման ավելի մեծ դժվարություններ ունեն, քան տղամարդիկ:
Հետազոտության մասնակիցների շուրջ կեսը համարում է, որ մշակութային ծառայություններն իրենց համար հասանելի չեն, իսկ 25%-ի համար հասանելի չեն առողջապահական ծառայությունները: Կրթական ծառայությունները համեմատաբար առավել հասանելի են:
Սիրիահայերը հիմնականում բնակվում են Երեւանում: Մարզերը չնախընտրելու հիմնական պատճառները տնտեսական բնույթի են: Բացի այդ, նրանք նշում են, որ սովոր են քաղաքային աշխույժ կյանքի, որը կարող է ապահովել միայն Երեւանը:
Սիրիահայ ընտանիքների եկամտի հիմնական աղբյուրը վարձու աշխատանքի կամ տնտեսական գործունեության ծավալման արդյունքում ստեղծվող եկամուտն է:
Աշխատավարձի տեսքով եկամուտներ են ստացել հետազոտությանը մասնակից ընտանիքների մոտ 40%-ը: Ինքնազբաղվածությունից եկամուտ է ստացել սիրիահայերի 17%-ը եւ փոքր բիզնեսից` 37%-ը: Բարեգործական կառույցներից աջակցություն եւ օգնություն է ստացել 42%-ը:
Այդուհանդերձ, վերջին 12 ամիսներին ընտանիքների 18%-ի համար ապրուստի հիմնական միջոց են հանդիսացել նախկին խնայողությունները կամ արժեքավոր իրերի վաճառքը, իսկ 5%-ի համար՝ ստացվող օգնությունը:
Սիրիահայ ընտանիքների մոտ 83%-ի դեպքում առնվազն մեկ մարդ ընդգրկված է տնտեսական գործունեության մեջ: Նրանց մեծ մասը՝ մոտ 45%-ը, վարձու աշխատողներ են, 15%-ը՝ ինքնազբաղվածներ, իսկ մոտ 40%-ը՝ գործարարներ:
Հայաստանում զբաղված է չափահաս սիրիահայ տղամարդկանց ավելի քան 60%-ը, իսկ կանանց` 21%-ը: Ընդհանուր առմամբ, գործազուրկ է (չի աշխատում եւ աշխատանք է փնտրում) աշխատունակ տարիքի անձանց (16-62 տարեկաններ) 17,6%-ը:
Կանանց շրջանում բավականին շատ են չաշխատողներն ու աշխատանք չփնտրողները:
«Վարձու աշխատողների եւ ինքնազբաղվածների մոտ 70%-ը կարծում է, որ իր ներկա զբաղվածությունը չի համապատասխանում իր որակավորմանը եւ պահանջներին: Աշխատանք գտնելու հիմնական դժվարությունները եւ խոչընդոտները կապված են Հայաստանում աշխատանքի փոքր շուկայի, աշխատավարձի ցածր մակարդակի, լեզվական եւ տարիքային բարիերների հետ: Կան որոշ խոչընդոտներ, որոնք յուրահատուկ են հենց սիրիահայերին՝ կապերի բացակայություն, գիտելիքների, հմտությունների եւ փորձի անհամապատասխանություն, ինչպես նաեւ՝ տարբերակված մոտեցում»,- ասված է զեկույցում:
Հեղինակները պարզել են, որ սիրիահայերի գերազանց մեծամասնությունը կացարանով ապահովման կարիք ունի, որը կարիքներից ամենակարեւորն է համարվում: Հաջորդ կարեւորված կարիքներն են՝ առողջապահական ծառայությունները եւ աշխատանքով ապահովումը:
Հայաստանից սիրիահայերի հեռանալու հիմնական պատճառը համարվում է աշխատանքի բացակայությունը (59%), ինչպես նաեւ այլ երկրներում ավելի մեծ հնարավորությունների եւ աջակցության առկայությունը (10%):
Այդուհանդերձ, սիրիահայերի ընդհանուր գոհունակությունը հայաստանյան հասարակության վերաբերմունքից բարձր է` մոտ 23%-ը «շատ գոհ» է, իսկ 53%-ը` «գոհ»:
Սիրիահայերի 15%-ը հայտնել է առաջիկայում Հայաստանից տեղափոխվելու մտադրության մասին՝ որպես հնարավոր երկիր նշելով ԱՄՆ-ն, Կանադան եւ Եվրամիության երկրները: Հայաստանից հեռանալու պատճառների թվում 34%-ը նշել է աշխատանքի բացակայությունը, իսկ 10%-ը՝ նյութական եւ ֆինանսական խնդիրները: 31%-ի կարծիքով՝ իր համար չկա կամ չի կարող լինել Հայաստանից հեռանալու որեւէ պատճառ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: