Մարտի 5-8-ը Տորոնտոյում կայացել է Հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր միջազգային ամենամյա համաժողովը, որի շրջանակում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը 9-րդ անգամ ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը եւ Հայաստանը:Առաջին անգամ համաժողովին ներկայացված է եղել նաեւ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանի: Նա ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ներդրումային պոտենցիալը, իսկ «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը: Փոխնախարարը հանդիպումներ է ունեցել խոշոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրումային կազմակերպությունների հետ, որոնք ներդրումներ են իրականացրել Հայաստանում եւ Ամուլսարի ծրագրում:Անդրադառնալով անցած 9 տարիների ընթացքում «Լիդիան»-ի մասնակցությանը համաժողովին «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ընդգծել է ներդրողների շրջանում Հայաստանի ճանաչելի լինելու կարեւորությունը: «Երբ 2008թ. մենք առաջին անգամ Ամուլսարի ծրագիրը ներկայացրեցինք Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովում, PDAC-ում՝ շատ ներդրողներ նույնիսկ չէին լսել Հայաստանի մասին: PDAC-ում հատկապես ակնհայտ է դառնում, որ պատասխանատու միջազգային խաղացողներ ներգրավելը երկրի հանքարդյունաբերության ոլորտ բավական բարդ է»,- նշել է Հայկ Ալոյանը:«Այստեղ նաեւ հստակ երեւում է, որ այսօր ժամանակակից հանքարդյունաբերությունը մեծ առաջընթաց է ունեցել բնապահպանական, սոցիալական, առողջության եւ անվտանգության ոլորտում ժամանակակից, նորարարական լուծումների ուղղությամբ: Հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովը հարթակ է, որտեղ հանքարդյունաբերական ընկերությունները, ֆինանսական կազմակերպությունները, կառավարություններն ու հասարակական կազմակերպությունները քննարկում են, թե ինչպես հանքարդյունաբերությունը կարող է շահավետ լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար: Հանքարդյունաբերությունը հենց այդպիսի ոլորտ է շատ զարգացած երկրներում: Մենք «Լիդիան»-ում հավատում ենք, որ դա հնարավոր է նաեւ Հայաստանում»,- հավելել է «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենը: Tweet Դիտում՝ 1148