Երեւանում այսօր ներկայացվել է «Հայաստանի տնտեսական զեկույց (ՀՏԶ 2016). Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» վերլուծականը:Զեկույցի մշակման եւ հրապարակման աշխատանքներն իրականացրել են Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ)՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ: Զեկույցի մշակման աշխատանքներում հեղինակային խումբը համագործակցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ:ՏԶՀԿ նախագահ Մուշեղ Թումասյանի խոսքով` զեկույցի հիմնական նպատակն է վերլուծել եւ մեկնաբանել Հայաստանի տնտեսական զարգացումները եւ քաղաքականությունները, բարձրացնել իրազեկվածության եւ տեղեկացվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քննարկումների ընդլայնման եւ քաղաքականության որոշումների նախագծման համար: «Յուրաքանչյուր թողարկում անդրադառնում է անցած տարվա տնտեսական միտումներին, ինչպես նաեւ՝ առաջ քաշում թեմատիկ վերլուծություններ եւ տնտեսական քաղաքականության առանձին ուղղությունների քննարկումներ: Այս տարի զեկույցը նվիրված է Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրներին»,- ասել է նա:«Տնտեսության մասնավոր հատվածի համար վերջին տարիներին դժվարին ժամանակներ են: 2016-ը համաշխարհային տնտեսության մեջ ընդհանուր առմամբ նկատված դանդաղեցման գործընթացներն անդրադարձել են նաեւ հայաստանյան տնտեսական զարգացումներին: Հասարակությունը սպասում է ավելի էական ձեռքբերումներ, ավելի բարձր ցուցանիշներ, քան արձանագրվում են: Մյուս կողմից` դժվար ժամանակներն ունեն նաեւ դրական նշանակություն այն տեսանկյունից, որ ի ցույց են դնում թույլ օղակները, եւ մեզ դարձնում ավելի մրցունակ եւ դժվարությունների նկատմամբ ավելի կայուն»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն էլ ընդգծել է, որ Գերմանիայի կառավարության անունից իրենք Հայաստանում աջակցում են կայուն եւ ներառական տնտեսական զարգացմանը: Նրա խոսքով` մասնավոր եւ պետական հատվածներում համագործակցությունը կդառնա այդ զարգացման հիմքը:«Սիրիացի փախստականների թեման բավական կարեւոր, արդիական եւ միաժամանակ՝ բարդ հարց է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Հույս ունեմ` զեկույցը լույս կսփռի փաստերի, մարտահրավերների վրա»,- նշել է ԳՄՀԸ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոախիմ Ցինքանը՝ կարեւորելով սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը: Tweet Դիտում՝ 968