ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է նաեւ արդյունավետ տնտեսական համագործակցության համար։ Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է նախօրեին՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքները:«Եվ որքան էլ որ մեր տնտեսական հարաբերությունները դեռ չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ,- ասել է Սերժ Սարգսյանը: -Ես այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-ում (Ֆրանսիայի հեղինակավոր գործարարների միություն) փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան եւ ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում եւ իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170-միլիոնանոց շուկայում»: ՀՀ նախագահը, հիշեցնելով Իրանի եւ իրանցիների հետ ունեցած լավ հարաբերությունների մասին՝ անգամ պատժամիջոցների կիրառման ընթացքում, ընդգծել է, որ այստեղ եւս Հայաստանը կարող է օգտակար լինել եւ հարթակ ծառայել առաջատար ֆրանսիական ընկերությունների համար:«Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք եւս կլինենք օգտատերերի թվում»,- ասել է Սերժ Սարգսյանը:Նույն օրը՝ ավելի վաղ, ՄԵԴԵՖ-ում տեղի ունեցած հանդիպման ավարտին «Տաշիր ընկերությունների խմբի», ՀԷՑ-ի եւ «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Tweet Դիտում՝ 1856