Այսօր տեղի է ունեցել ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) սպասարկման նոր կենտրոնի բացումը, որին մասնակցել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգալիորեն պարզեցրել է վարչարարությունն ու Ծառայությանն առնչվող ընթացակարգերը, ներդրել էլեկտրոնային կառավարման գործիքներ եւ, արդյունքում, ապահովել գործողությունների թափանցիկությունը: Հուսով եմ՝ սպասարկման կենտրոնում առաջարկվող ծառայությունները կօգնեն թե՛ տնտեսավարողներին, թե՛ սպառողներին, միաժամանակ՝ կխնայվի բոլորի ժամանակը»,- ասել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:Նորաբաց կենտրոնն ունի խորհրդատու, որը տեղում աջակցում է այցելուներին՝ տարբեր ստորաբաժանումներ ուղղորդելու փոխարեն: Մասնավորապես, այժմ հնարավոր է առանց հերթագրման խորհրդատուից նախապես ճշտել ներմուծվող ապրանքի ռիսկն ու դրա հետ կապված հետագա գործողությունները:Այսուհետ ներմուծվող եւ արտահանվող ապրանքի սերտիֆիկատները կկնքվեն տեղում՝ էլեկտրոնային եղանակով լրացվելուց հետո: Նույն ընթացակարգն է գործում նաեւ կենդանական ծագման ապրանքների արտահանման ժամանակ տրամադրվող տեղեկանքի դեպքում: Ծառայությունում նշել են, որ համակարգվել են նաեւ ներմուծման եւ արտահանման գործընթացները, որի արդյունքում հնարավոր կլինի ծառայության ենթահսկման ներմուծվող եւ արտահանվող բեռների փաստաթղթավորումն իրականացնել 20 րոպեում՝ նախկին մեկուկես կամ երկու ժամվա փոխարեն: Ստեղծվել է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա եւ, եռամսյակային պարբերականությամբ ու սահմանված ձեւաչափով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, տնտեսավարողը հնարավորություն է ստանում բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության: ՍԱՊԾ սպասարկման կենտրոնը գործում է աշխատանքային օրերին՝ առանց ընդմիջման, իսկ շաբաթ օրերը՝ մինչեւ ժամը 13:00-ը: Tweet Դիտում՝ 4024