ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արեւելյան Եվրոպայի, Միջին արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանի եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ողջունել է ամերիկյան ընկերության նախաձեռնությունը՝ զարգացնելու գործունեությունը Հայաստանում: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները:Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կառուցելու է Հետազոտությունների եւ մշակումների (R&D) կենտրոններ: Դրագո Ազինովիչն ընդգծել է, որ իրենք շահագրգռված են ստեղծել երկարաժամկետ համագործակցություն Հայաստանի կառավարության եւ հանրային ոլորտի հետ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ»-ի միջեւ փոխըմբռնման շրջանակային հուշագրի ստորագրումը: Tweet Դիտում՝ 14825