Փետրվարի 20-24-ին IMC Armenia-ի՝ Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի կողմից East Invest 2-ի շրջանակում բիզնես ասոցիացիաների համար կազմակերպվել էր EU4Business շաբաթ միջոցառումների վերջին փուլը, որը համախմբել էր Հայաստանի բիզնես-խորհրդատվական համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչներին։Միջոցառման շրջանակում Հայաստանում էին միջազգային հեղինակավոր դասընթացավարներ եւ բիզնես խորհրդատվական համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառման, դրա արդյունքների եւ տնտեսության ակտիվացման հարցում խորհրդատուի դերի վերաբերյալ Banks.am-ը զրուցել է East Invest 2-ի նախագծերի կառավարման թիմում UEAPME (European Association of Craft, Small and Medium-sized Enterprises) ներկայացուցիչ Քրիստիան Գեսլի հետ։- Պարոն Գեսլ, ինչո՞վ են կարեւոր բիզնես ասոցիացիաները։ Ինչպե՞ս կարող են առանձին ասոցիացիաները նպաստել տնտեսության ակտիվությանը։- Բիզնես ասոցիացիաները, բացի իրենց անդամներին տրամադրվող ավանդական ծառայություններից՝ դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, սերտիֆիկացիոն ծրագրեր եւ այլն, կարեւոր «լոբբիստական» գործառույթ ունեն։ Դրանք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ՝ բիզնես համայնքի շահերը ներկայացնելու առումով։ Ազդեցությունը սովորաբար ներառում է օրենսդրական բարեփոխումները, հարկային, մաքսային մարմինների հետ անհամաձայնությունների հստակեցումը եւ այլն։ Սրանք էական են՝ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից։- Իսկ ո՞րն է հայաստանյան բիզնես ասոցիացիաների դերը նմանատիպ հարցերում։- Բանն այն է, որ նախկին խորհրդային երկրներում ասոցիացիաների նկատմամբ մեծ հավատ չկա։ Սակայն իմ փորձից կարող եմ ասել, որ այս մոտեցումն աստիճանաբար փոխվում է։ Հայաստանի բիզնես ասոցիացիաները նույնպես փոխվում են։ Դա, իհարկե, որոշակի ժամանակ կպահանջի։ Կարծում եմ, որ այստեղ սեկտորային ասոցիացիաները, ինչպես օրինակ` գինեգործների, պանիր արտադրողների եւ այլն, բավական լայն դաշտ ունեն։ Դրանք պետք է ներկայացնեն իրենց անդամների շահերը, աջակցեն սերտիֆիկացիայի հարցերով, մարքեթինգային աջակցություն ցուցաբերեն, բացեն տեղական եւ միջազգային շուկաները։ Եվրոպայում կան նաեւ այսպես կոչված «հորիզոնական» ասոցիացիաները, որոնք աջակցություն են ցուցաբերում աշխատանքային, հարկային, մաքսային օրենքների բարեփոխումների մասով։ Հայաստանում, իմ տպավորությամբ, ասոցիացիաներն իրար առավելապես դիտարկում են՝ որպես մրցակիցներ, ինչը, իհարկե, դանդաղեցնում է միասնական դաշտի ձեւավորման գործընթացը։- Ինչպե՞ս կարող են Հայաստանի բիզնես ասոցիացիաները տնտեսության աշխուժություն առաջացել։- Շատերը կարծում են, թե բիզնես ասոցիացիաները պետք է աշխատատեղեր ստեղծեն, նոր հնարավորություններ բերեն շուկա։ Սա ասոցիացիայի դերը չէ։ Ասոցիացիան պետք է կարողանա նպաստել բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը։ Դրա արդյունքում աշխատատեղերն էլ, հնարավորություններն էլ կավելանան։- Ի՞նչ չափով պետք է կառավարությունը ներգրավվի բիզնես ասոցիացիաների կայացման գործում։- Մենք թե՛ Եվրոպական Միությունում, թե՛ նաեւ ձեր երկրում կարող ենք տեսնել, որ բազմաթիվ ընկերություններ եւ ասոցիացիաներ ունեն իրենց know-how-ն, որը շատ կարեւոր է թե՛ իրենց անդամների, թե ՛կառավարությունների համար։ Եթե բիզնես ասոցիացիաները թույլ լինեն, համարժեք չարձագանքեն կառավարության կարիքներին, չաջակցեն օրենքների մշակման հարցում, կառավարությունը դրանց լուրջ չի վերաբերվի։ Բիզնես միջավայրն էլ, կառավարություններն էլ հզոր ասոցիացիաների կարիք ունեն, կառույցների, որոնք ունեն իրենց know-how-ն, նաեւ կիրառում են արտաքին հնարավորությունները՝ ռազմավարություններ մշակելու համար, որոնք հետաքրքրում են կառավարությանը։ - Որքանո՞վ էր այս միջոցառումն ուղղված բիզնես ասոցիացիաների եւ կառավարությունների միջեւ երկխոսության կառուցմանը։ Ի՞նչ տվեց այն՝ ասոցիացիաների հզորացման տեսանկյունից։- Դասընթացները, որոնք թե՛ տեսական, թե՛ գործնական մաս ունեին, կարծում եմ՝ բավական օգտակար կլինեն՝ հատկապես բանակցային հմտությունների զարգացման տեսանկյունից։ Սակայն առավել կարեւորում եմ աշխատանքային խմբերի ստեղծումն ու մասնակիցների կողմից ձեւավորված փաստաթուղթը։ Մենք նման խմբերով փաստաթղթերի ձեւավորման վրա աշխատել ենք Արեւելյան գործընկերության բոլոր երկրներում։ Եվ բոլոր երկրների բիզնես ասոցիացիաների աշխատանքի համադրության արդյունքում մենք կարող ենք փոփոխություններ տեսնել ամբողջ տարածաշրջանում։ Քրիստիան Գեսլի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 2356