ՀՀ Կենտրոնական բանկը 2017թ. Հայաստանում ակնկալում է տնտեսական աճի տեմպերի որոշակի արագացում: Այս մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի` օրերս հրապարակած «Գնաճի հաշվետվություն»-ում:«ՀՀ տնտեսությունում մասնավոր ծախսումների աստիճանական վերականգնման, արտաքին տնտեսական միջավայրի բարելավման եւ գյուղատնտեսության ճյուղի համեմատաբար բարենպաստ զարգացումների պայմաններում ակնկալվում է, որ տնտեսական աճի տեմպերը 2017թ. որոշակիորեն կարագանան` գտնվելով 2,2-3,2% միջակայքում»,- նշված է զեկույցում:ԿԲ-ի բնորոշմամբ` տնտեսական աճի նկարագրված արագացումը հիմնականում տեղի կունենա արտահանման հնարավորությունների ընդլայնման, նոր շուկաների եւ ապրանքատեսակների բացահայտման միջոցով, որը մեծապես կորոշվի կառավարության կողմից արտահանման աջակցությանն ուղղված քաղաքականությամբ:Մասնավորապես`Արդյունաբերության ճյուղում 2017թ. կանխատեսվում է ավելացված արժեքի 4,4-5,2% աճ: Ոլորտի աճին կնպաստեն մի շարք ներդրումային ծրագրերի իրականացումն ու կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության իրականացման ներքո արտահանման հնարավորությունների ընդլայնումը:Շինարարությունում ավելացված արժեքի անկումը կկազմի 2,5-3,1% միջակայքում, որը պայմանավորված կլինի պետական միջոցների եւ միջազգային վարկերի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության կրճատմամբ, որը կմեղմվի կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարության սպասվող աճով:Ծառայությունների ճյուղում 2017թ. ավելացված արժեքի աճը գնահատվում է 2,4-3%, որին կնպաստի առեւտրաշրջանառության ճյուղում սպասվող տնտեսական ակտիվության դանդաղ վերականգնումը, ինչպես նաեւ մատուցվող ծառայությունների աճը: 2016թ.-ի համեմատ տնտեսական ակտիվության աճ է ակնկալվում, մասնավորապես, օդային տրանսպորտի, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, ինչպես նաեւ զբոսաշրջության հետ փոխկապակցված ծառայությունների ոլորտում:Գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի աճը կկազմի 4,5-5,3%, որին հատկապես կնպաստեն ջերմոցային տնտեսություններում ստեղծվող ավելացված արժեքի բարձր աճը, ինչպես նաեւ բուսաբուծության եւ անասնապահության ոլորտներում ակնկալվող չափավոր աճը: ԿԲ-ն դրական ակնկալիքներ ունի նաեւ առաջիկա մյուս տարիների համար: «Ակնկալվում է, որ 2018-2019 թթ. արտաքին տնտեսական միջավայրի շարունակական բարելավման, մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերի վերականգնման եւ կառավարության կողմից արտահանելի հատվածում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացման պայմաններում ներքին պահանջարկն աստիճանաբար կվերականգնվի`մոտենալով իր հավասարակշիռ մակարդակին, իսկ արտաքին պահանջարկը կշարունակի նպաստել տնտեսական աճին»,- ասված է զեկույցում:Արդյունքում, ԿԲ կանխատեսմամբ, 2018թ. սկսած ՀՆԱ-ի բացասական ճեղքվածքն աստիճանաբար կկրճատվի` տարվա երկրորդ կիսամյակում վերադառնալով դրական տիրույթ: Այս պարագայում գնահատվում է, որ տնտեսական աճի տեմպերն աստիճանաբար կարագանան` կանխատեսվող հորիզոնի վերջում գտնվելով 3,2-4,4% միջակայքում:Ինչ վերաբերում է գների կայունությանը, ԿԲ կանխատեսմամբ` առկա գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա եւ 2017թ. երկրորդ կիսամյակից 12-ամսյա գնաճը կմտնի դրական տիրույթ, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Tweet Դիտում՝ 3639