ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ենթակայության տակ գործող մի շարք կառույցների միավորմամբ ստեղծվել է ընդերքի գործակալություն։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կառույցում ներառվել են ընդերքի տրամադրման եւ օգտակար հանածոների պաշարների գործակալությունները, նախարարության ընդերքի վարչությունը։ Նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի խոսքով՝ նշված կառույցների միաձուլման անհրաժեշտությունը պայմանավորված էր նախարարության գործառույթների լիարժեք իրականացմամբ եւ գործունեության արդյունավետության բարձրացմամբ։ «Ընդերքի տրամադրման եւ օգտակար հանածոների պաշարների գործակալությունների գործառույթների եւ բիզնես գործընթացների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն են եւ կարող են իրականացվել մեկ առանձնացված ստորաբաժանման կողմից: Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը հիմնականում մշակված է, ինչի արդյունքում նվազել է նախարարության ընդերքի վարչության ծանրաբեռնվածությունը, ուստի աշխատակազմի օպտիմալության տեսանկյունից նպատակահարմար էր այդ ստորաբաժանումների միաձուլումը»,- ասել է Կարեն Ղահրամանյանը: Tweet Դիտում՝ 2262