Գործարկվել է ՀՀ ներդրումային հարթակի կայքը

17.02.2017 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ այսօր գործարկել է ՀՀ ներդրումային հարթակի վեբ կայքը՝ investmentprojects.am-ը:

Ինչպես այսօր կայքի շնորհանդեսին նշել է նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանը, կայքը ներկայում հասանելի է անգլերենով, ժամանակի ընթացքում կլինեն նաեւ հայերեն եւ ռուսերեն տարբերակները:

«Ներդրումային ծրագրերի հավաքագրման մասին կառավարության հայտարարությունից ի վեր նախարարություն շուրջ 160 ներդրումային ծրագիր է ստացվել, որոնք ուսումնասիրվել, մշակվել են, դրանցից առանձնացվել են առավել իրատեսականներն ու օտարերկրյա ներդրողների տեսանկյունից հետաքրքրականները, որոնք էլ զետեղել են ներդրումային հարթակի նոր կայքում»,- ասել է Արամ Վարդանյանը` հավելելով, որ այս պահին կայքում տեղադրված է 35 ծրագիր:

Առաջին էջում ներկայացված են Հայաստանի տնտեսության հակիրճ բնութագիրը, ներդրումներ կատարելու առավելությունները, մուտքն այլ շուկաներ, դրանց ծավալները, ինչպես նաեւ հեղինակավոր միջազգային ցուցիչներում Հայաստանի դիրքը (օր.` Տնտեսական ազատության զեկույցում):

Հարթակում կա առանձնացված հատված, որտեղ ներկայացված են ներդրումային ծրագրերը` իրենց մանրամասներով (արժեքը, շահութաբերության նորման, գործարար ծրագիրը եւ այլն): Ծրագրերը կարելի է դասակարգել ըստ ոլորտների եւ մարզերի:

Կայքից հնարավոր է ուղիղ կապ հաստատել նախարարության մասնագետների հետ եւ քննարկել ծրագրին առնչվող հարցերը: Այն հնարավորություն է տալիս ցանկացած անձի, որն ունի հետաքրքիր բիզնես-նախագիծ, ներկայացնել այն կայքի սպասարկող անձնակազմին` ներդրումներ ներգրավվելու նպատակով:

«Կայքի գործարկումով կունենանք եւս մի գործիք , որը հնարավորություն կտա օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ քաղաքացիներին ներկայացնելու սեփական ծրագրերը»,- ասել է Արամ Վարդանյանը:

Նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանն էլ նշել է, որ կայքում ներկայացված ծրագրերի թվում է Սյունիքում կառուցվելիք ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ), որի նկատմամբ արդեն  մեծ հետաքրքրություն կա: Ծրագրի արժեքն է $28 մլն` միայն կապիտալ ծախսերով, եւ $32 մլն` ընթացիկ ծախսերը ներառյալ:

Ներկայացված է նաեւ ոսկու զտարկման գործարանի կառուցման ծրագիրը` $12 մլն արժողությամբ:

Վահագն Լալայանի խոսքով`  «Լիդիան ինթերնեյշնլ»-ի կատարած ներդրումների հաշվին առաջիկայում նախատեսվում է արդյունահանել տարեկան մինչեւ 10-12 տոննա ոսկի, որը զտարկման դեպքում կարող է ուղղվել ինչպես ներքին սպառմանը` ոսկերչական ապրանքների արտադրության միջոցով, այնպես էլ անցնել ստանդարտացում եւ բանկային ոսկու տեսքով վաճառվել Լոնդոնի միջազգային բորսայում:    

Investmentprojects.am-ի շնորհանդեսին ներկայացվել է նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության վերագործարկված կայքը:

Դիտում՝ 5019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW