Բագրատ Ասատրյան. ԿԲ-ն պետք է խրախուսի խոշոր բանկերի ձեւավորումը

30.01.2017 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր ասել է, որ ԿԲ-ն պետք է խրախուսի համակարգում խոշոր բանկերի ձեւավորումը:

Այս մասին Բագրատ Ասատրյանը նշել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով Banks.am-ի հարցին:

«Մենք պետք է ունենանք առաջատարներ բանկային համակարգում, որոնք մուտք կգործեն միջազգային ֆինանսական շուկաներ` էժան եւ երկար փող ներգրավելու համար: Իսկ 30 մլրդ դրամ կապիտալի նորմատիվային չափն այնքան էլ մեծ թիվ չէ»,- ասել է տնտեսագետը:

Համեմատության համար նա նշել է, որ Վրաստանի բանկերից մեկի կապիտալն ավելի բարձր է, քան ՀՀ ամբողջ բանկային համակարգի ցուցանիշը:

Տնտեսագետը բանկերի նորմատիվային կապիտալի նկատմամբ պահանջի խստացումը որակել է «ոչ էական»` նշելով, որ ԿԲ այս քաղաքականությունը պետք է շարունակական լինի:

«Կապիտալիզացիայի մակարդակի բարձրացումն էական բան չի տվել մեր բանկային համակարգին: Այս միջոցառումը տեխնիկական քայլ է եւ բնավ էլ չի երաշխավորելու համակարգի կայուն, արդյունավետ զարգացումը»,- նշել է ԿԲ նախկին նախագահը:

Այսուհանդերձ, ըստ Բագրատ Ասատրյանի, 30 մլրդ դրամից պակաս կապիտալով բանկերի շրջանում եւս կային «բավական ճկուն եւ որակյալ ծառայություն մատուցողներ»:

Անդրադառնալով բանկերի մյուս ֆինանսական ցուցանիշներին` նա ասել է, որ 2015թ. համակարգի համար «ծանր եւ վտանգավոր» ժամանակահատվածից հետո 2016թ. իրավիճակը շտկվել է, եւ առկա է բարձր, ավելցուկային իրացվելիություն:

Բագրատ Ասատրյանի խոսքով` համակարգի լրջագույն խնդիրն այն է, որ հայաստանյան տնտեսվարողները վարկունակ չեն եւ չեն համապատասխանում բանկերում առկա ստանդարտներին: Պատճառների թվում, բացի զուտ տնտեսական գործոններից, նա առանձնացրել է դատական համակարգում առկա թերացումները, որոնք էապես խոչընդոտում են բանկային համակարգի առաջխաղացումը:

Այդուհանդերձ, չնայած զարգացման ոչ այնքան դրական սպասելիքներին, ապահովության տեսանկյունից տնտեսագետն ընդգծել է, որ «բանկերն այսօր բավական կայուն են, մնում է միայն գտնել արդյունավետ գործունեության ճանապարհը»:

Ամփոփելով անցած տարին ընդհանուր տնտեսության համար` Բագրատ Ասատրյանը նշել է, որ 2016-ը «դժգույն, ոչնչով չառանձնացող, գորշ տարի էր»: Անկում է նկատվել հատկապես այն ոլորտներում, որոնք զբաղվածության ապահովման առումով մեծ նշանակություն ունեն (այդ թվում` շինարարություն, գյուղատնտեսություն), եւ աճել են այն ոլորտները, որոնք համարժեք աշխատատեղեր չեն ապահովում (արդյունաբերություն):

Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա տնտեսագետը որոշակի լավատեսություն է հայտնել` նշելով, որ այն լինելու է ավելի թեթեւ` հիմնականում պայմանավորված արտաքին հատվածի բացասական ազդեցության նվազմամբ:

Տնտեսագետը հույս է հայտնել, որ դրական միտում կնկատվի նաեւ ներդրումների գծով, որոնք զգալիորեն կրճատվել էին անցած տարիներին: Այս համատեքստում նա կարեւորել է Ռուսաստանից եկող ներդրումների դերը` ընդգծելով, որ այնտեղ «առկա է հայկական մեծ կապիտալ, որը համապատասխան պայմանների դեպքում կարող է գալ Հայաստան»:

Դիտում՝ 5724
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai