«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանն այսօր ասել է, որ ՀՀ բանկային ոլորտի կապիտալիզացիան կնպաստի 2017թ. ապահովագրական շուկայի ակտիվացմանը:Այս մասին Արեւշատ Մելիքսեթյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով Banks.am-ի հարցին:«Ապահովագրության ոլորտը ֆինանսական համակարգի տարր է եւ առանձին գործել չի կարող: Մենք գնում ենք բանկային ակտիվությանը զուգահեռ. եթե կրճատվում է, օրինակ, հիփոթեքային վարկավորումը, զուգահեռաբար ընկնում է նաեւ ապահովագրության կոնկրետ տեսակը (գույքի ապահովագրությունը – խմբ.): Բանկերը համալրել են կապիտալը եւ ունեն բարձր իրացվելիություն, արդյունքում առկա է այդ գումարը տեղաբաշխելու խնդիր, որի հիմանական ուղղությունը լինելու է բնակչության վարկավորումը: Մենք էլ ապահովելու ենք այդ գումարների անվտանգությունը»,- նշել է նա: Ամփոփելով 2016թ. գործունեության արդյունքները՝ Արեւշատ Մելիքսեթյանն ասել է, որ ընկերության համար «տարին նշանավոր է եղել, եւ հաջողվել է հասնել ամբիցիոզ թիրախներին»:Ընկերությունը ներկայում տնօրինում է 11 մլրդ դրամ ակտիվներ, ունի 7 մլրդ դրամ պարտավորություններ, իսկ սեփական կապիտալի մեծությունը կազմում է 3,9 մլրդ դրամ:Տարվա ընթացքում հավաքագրվել է 8,4 մլրդ դրամ ապահովագրավճար եւ կատարվել է 3,4 մլրդ դրամ հատուցում: Զուտ շահույթը կազմել է ավելի քան 900 մլն դրամ: «Մեր առաջնային ուղղությունները շարունակական զարգացման եւ ֆինանսական կայունության ապահովումն է: Դրանք արտացոլող երկու հիմնական ցուցանիշներն են վճարունակությունը, որով մենք գերազանցում ենք ՀՀ ԿԲ սահմանած նորմատիվը 50%-ով, եւ իրացվելիությունը, որը նորմատիվը գերազանցում է գրեթե 2 անգամ: Նման ցուցանիշների մեզ հաջողվել է հասնել ռիսկերի համակողմանի գնահատման եւ հավասարակշռված ներդրումային քաղաքականության շնորհիվ»,- ընդգծել է նա:Ընկերությունն ապահովագրական շուկայում մատուցվող 10 ապահովագրական տեսակներից 7-ում (այդ թվում` ԱՊՊԱ եւ ԿԱՍԿՈ) եղել է առաջատար, իսկ օրերս էլ Մոսկվայում «Ինգոսստրախ»-ի կողմից արժանացել լավագույն դուստր ընկերության կոչմանը:Խոսելով հատուցումների մասին` Արեւշատ Մելիքսեթյանը նշել է, որ ԱՊՊԱ եւ ԿԱՍԿՈ հատուցման դիմումների քանակը կազմել է 9808, որոնցից մերժվել է 165-ը. դրանց կեսը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության ներքո` հնարավոր խարդախության պատճառով: Միաժամանակ, բավարարված դիմումների քանակը կազմել է 10 211, որոնց գծով «Ինգո»-ն վճարել է շուրջ 1,9 մլրդ դրամ: Առողջության ապահովագրության գծով ստացվել է 46 361 դիմում, որոնցից բավարարվել է 45 882-ը (99%): Ընդհանուր առմամբ, վճարված հատուցումների գումարը կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ: Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին` Արեւշատ Մելիքսեթյանը նշել է, որ 2017-ին լրանում է ընկերության 20-ամյակը, եւ ծրագրվում է զարգացում 3 ուղղություններով` թվայնացում, սպասարկման որակի բարելավում եւ ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների ցանկի ընդլայնում:Ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ անցած շաբաթ մեկնարկել է թվայնացման առաջին նախագիծը` ԱՊՊԱ օնլայն համակարգը, որի շնորհիվ կարելի է ինքնուրույն կնքել ԱՊՊԱ պայմանագիր, կատարել վճարում` չհեռանալով համակարգչից: Նախատեսվում է երկու ամսվա ընթացքում տուրիստական ապահովագրությունը նույնպես «տանել» օնլայն հարթակ:Արեւշատ Մելիքսեթյանը հիշեցրել է, որ ապրիլի 1-ից գործելու է ԱՊՊԱ ուղիղ հատուցման համակարգը, որի արդյունքում հաճախորդի համար ապահովագրական ընկերության ընտրությունն ուղիղ կապված է լինելու սպասարկման որակի հետ: «Ինգո»-ում խոստացել են, որ հատուցման նիստերում ներգրավված կլինեն նաեւ հաճախորդները:«Ինգո Արմենիա»-ն 2017թ. առաջին օրերին կներկայացնի ֆիզանձանց բժշկական ապահովագրության կամավոր պրոդուկտը: Ի դեպ, ընկերությունն այս տարի որոշել է ամանորյա կորպորատիվ միջոցառման նպատակով նախատեսված ամբողջ գումարն ուղղել զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին: Tweet Դիտում՝ 11580