Վիրտուալ ArCa քարտերով ինտերնետային առեւտուրը կդադարեցվի

27.12.2016 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2017թ. հունվարի 20-ից կդադարեցվի ArCa վիրտուալ քարտերով ինտերնետային առեւտրային կետերում վճարային գործարքների իրականացումը:

«Արմենիան Քարդ» ընկերությունում, Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս լուրը, նշել են, որ անմիջապես arca.am կայքում քարտերը շարունակելու են գործել եւ հնարավորություն տալ իրականացնել այն բոլոր գործարքները, որոնք հասանելի են այսօր (մնացորդի հարցում, քարտից քարտ փոխանցում, կոմունալ ծառայությունների վճարումներ, քաղվածքների դիտում եւ այլն):

«Հարթակի գործունեության դադարեցման պատճառն այն է, որ «Արմենիան Քարդ» ընկերության կողմից դեռեւս 2013թ. ներդրվել է էլեկտրոնային առեւտրի նոր, ժամանակակից համակարգ, որն ունի մի շարք կարեւոր առավելություններ հին համակարգի համեմատ, մասնավորապես՝

- Եթե վիրտուալ քարտով վճարում իրականացնելը հնարավոր էր միայն այդ քարտերի սպասարկման հնարավորություն ունեցող կետերում եւ միայն նախապես գրանցելով այդպիսի քարտ, ապա այժմ վճարում կատարելու համար որեւէ լրացուցիչ գրանցման կարիք չկա:

- Համակարգին միացված առեւտրային կետերի պոտենցիալ հաճախորդների քանակի զգալի աճ. հին համակարգում վճարումները հնարավոր էր ընդունել միայն նախապես գրանցված վիրտուալ քարտով, իսկ նոր համակարգը հնարավորություն է տալիս վճարումներ կատարել` մուտքագրելով անմիջապես իրական քարտերի տվյալները: Բացի այդ, կարելի է վճարումներ ընդունել ոչ միայն ArCa համակարգի շրջանակում թողարկած քարտերով, այլ ցանկացած տեսակի քարտով, որը սպասարկվում է ArCa պրոցեսինգի շրջանակում:

- Համակարգը կիրառում է միջազգային 3DSecure ստանդարտը, որն անվտանգության բարձր մակարդակ է ապահովում ինչպես առեւտրային կետերի, այնպես էլ քարտապանների համար` որոշակի առումով զերծ պահելով քարտերով չարամիտ գործողությունների հետեւանքներից:

- Համակարգը տրամադրում է մի շարք նոր հնարավորություններ, որոնք պահանջված են շուկայի կողմից, հատկապես` բջջային հավելվածների մասով: Օրինակ, պարբերական վճարումների իրականացման հնարավորություն, երբ մեկ անգամ հավելվածում գրանցելով քարտը` հետագա գործարքներն իրականացնելիս այլեւս քարտի տվյալները չեն մուտքագրվում (քարտի տվյալները պահպանվում են ArCa-ում)»,- ասված է մեկնաբանության մեջ:

Ընկերությունում նշել են, որ հաշվի առնելով այս հանգամանքները` դեռեւս 2014թ. որոշվել էր շահագործումից հանել հին համակարգը, եւ գործընթացն իրականացվում է փուլ առ փուլ:

«Այսպես, 2014թ. հուլիսից դադարեցվել է հին համակարգին նոր առեւտրային կետերի միացումը, 2015թ. եւ 2016թ. ընդլայնվել է նոր համակարգի ֆունկցիոնալությունը, ավելի շատ բանկեր են սերտիֆիկացվել 3DSecure տեխնոլոգիայով աշխատելու համար, եւ, որպես վերջին քայլ, 2017թ. հունվարի 20-ին դադարեցվելու է հին համակարգով աշխատող առեւտրային կետերի աշխատանքը»,- ասված է «Արմենիան Քարդ»-ի մեկնաբանության մեջ:
 
Ընկերությունում տեղեկացրել են նաեւ, որ ներկայում շրջանառվում է ArCa պրոցեսինգային կենտրոնում սպասարկվող մոտ 1,6 մլն քարտ, որոնցից 42 352-ը ակտիվ վիրտուալ քարտեր են:

Վերջին 3 ամիսների ընթացքում գործարք է կատարվել 29 025 վիրտուալ քարտով, այդ թվում՝ 17 939-ը՝ arca.am կայքում, 11 086-ը՝ կայքից դուրս:

Դիտում՝ 17101
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW