Գյուղմթերքի արտահանման ծավալը 2016-ին կրկնապատկվել է

21.12.2016 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր ասել է, որ գյուղմթերքի արտահանման ծավալն այս տարի նախորդի համեմատ կրկնապատկվել է`այսօրվա դրությամբ կազմելով 143 հազ. տոննա:

Այս մասին Ռոբերտ Մակարյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ամփոփելով 2016թ. գյուղոլորտի արդյունքները:

Նրա խոսքով` արտահանման ծավալների շուրջ 85%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, որն ավանդաբար համարվում է տեղական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան:

Փոխնախարարը նշել է, 2016թ.-ի ընթացքում մթերվել է 171 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն եւ խաղող, այդ թվում` 40,3 հազ. տոննա բանջարեղեն, 20,9 հազ. տոննա պտուղ եւ 109,8 հազ. տոննա խաղող:  

Ընդ որում, նախքան մթերումների գործընթացի մեկնարկը` վերամշակող ձեռնարկությունները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել են շուրջ 13 հազ. պայմանագիր, որի շրջանակում տրամադրվել է 282 մլն դրամի աջակցություն եւ բուժանյութեր:

Անդրադառնալով մթերումների դիմաց վճարումների կատարմանը` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ տարվա ընթացքում մթերվել է շուրջ 7 մլրդ դրամի պտուղ-բանջարեղեն, որից, այս պահի դրությամբ, վճարվել է 6,3 մլրդ դրամը կամ 83,6%-ը:

«Մնացած գումարները, վերամշակողների հավաստիացմամբ, առաջիկայում կմարվեն` կնքված պայմանագրերի եւ վճարման ժամանակացույցերի համաձայն»,- ասել է նա:

Փոխնախարարն ընդգծել է, որ խնդիրներ կան 2015թ.-ին խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման մասով: Այս պահին չկատարված պարտավորություններ ունի 6 ընկերություն, որից 5-ը (Սիսավանի գինու գործարան, «Արենի վայն», «Մարան», «Շատո Առնո», «Շահնազարյան») մինչեւ տարեվերջ պարտավորվել են մարել պարտքերը:
 
Անդրադառնալով «Վինար» ընկերության պարտքերին, որի պատճառով գյուղացիները բազմիցս բողոքի ցույցեր են կազմակերպել,  փոխնախարարը տեղեկացրել է, որ նախարարությունն այս ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար դիմել է գլխավոր դատախազություն:

Դիտում՝ 3169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW