Դեկտեմբերի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված 521 ընկերությունից 296-ը ռիսկային ցանկում են: Ինչպես տեղեկացրել են Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, ռիսկերը 3 հիմնական ուղղություններով են՝ թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրումների եւ ծախսերի ուռճացման հետեւանքով հարկվող օբյեկտների նվազեցում: Առավել ռիսկային են ապրանքների ներմուծման եւ բժշկական ծառայությունների եւ պակաս ռիսկային՝ կապի եւ բանկային գործունեության ոլորտները:296 ռիսկային կազմակերպությունները 2016թ. 11 ամիսներին՝ 2015թ. նույն ամիսների համեմատ, բյուջե են վճարել 12,6%-ով ավելի հարկ: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի բնորոշմամբ՝ հարկային մարմնի գործողությունները վերջին ամիսներին «նպատակաուղղված են հարկային իրավախախտումների կանխարգելմանը եւ ոչ թե առանց նախազգուշացումների հարկ վճարողների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը»:Նրա խոսքով՝ իրազեկող հանդիպումներից հետո կազմակերպությունների մի մասը որոշ չափով կամ լիովին փոխել է հարկային վարքագիծը, մի մասը՝ ոչ:«Պետեկամուտների կոմիտեի գործողությունները միտված են բոլոր կազմակերպությունների համար համահավասար հարկային դաշտի ապահովմանը, քանի որ ստվերում գործողները խաթարում են բիզնեսի մրցակցային միջավայրը: Հետեւողական եւ թիրախային գործողությունները հանգեցնելու են նման տնտեսվարողների կողմից հարկերի ինքնուրույն հայտարարագրմանը»,- ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը:ՊԵԿ-ում տեղեկացրել են, խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը 2016-ը ամփոփում է նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների 5,2% աճով: «Տեսչությունում հաշվառված կազմակերպությունների հարկային եկամուտները 2016թ. կկազմեն շուրջ 436,5 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը մոտ 22 մլրդ դրամով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3520