Եվրոպական ներդրումային բանկը €50 մլն վարկ կտրամադրի Հայաստանին՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տարբեր ծրագրերի ֆինանսավորման նպատակով: «Վարկը կտրամադրվի ՀՀ Կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին` միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով: Միջոցները կուղղվեն գյուղմշակման եւ զբոսաշրջության ոլորտներին, որոնք կարեւոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:«Եվրոպական ներդրումային բանկի միջոցները, որոնք տրամադրվում են մեր հուսալի գործընկեր ՀՀ Կենտրոնական բանկին, կբարելավեն հայաստանյան փոքր եւ միջին ձեռնարկությունների` տեղական արժույթով եւ բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիությունը: Այն նաեւ կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, մասնավոր հատվածի զարգացմանն ու դրականորեն կազդի երկրում աշխատատեղերի ստեղծման վրա»,- նշել է ԵՆԲ փոխնախագահ Յան Վապավուրին:«Վստահ եմ, որ այս վարկն իր արդյունավետությամբ կամրապնդի նախորդ վարկի հաջողությունը Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարձրացման գործում»,- նշել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:ԿԲ-ում հիշեցրել են, որ ՓՄՁ-ներին ուղղված նախորդ €50 մլն վարկը, որը տրամադրվել է 2014թ., ամբողջությամբ տեղաբաշխվել է, որոնց հաշվին մինչ օրս ֆինանսավորվել է 100-ից ավելի նախագիծ, մասնավորապես` տուրիզմի եւ ագրո-սննդի ոլորտներում: «Տրամադրված վարկի շրջանակում մասնակից ֆինանսական միջնորդները, ինչպես նաեւ մանր եւ միջին ձեռնարկությունները հնարավորություն են ստացել նաեւ օգտվելու Արեւելյան գործընկերության տեխնիկական աջակցության Թրասթ ֆոնդի (EPTAFT) ֆինանսավորած տեխնիկական աջակցությունից»,- հավելել են ԿԲ-ում: Tweet Դիտում՝ 2995