ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով սահմանվում է ապօրինի հարստացման քրեականացման կարգը: Նախագծով սահմանվում է, որ ապօրինի հարստացման համար պատասխանատվություն է առկա այն դեպքում, երբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձը եւ նրան փոխկապակցված անձիք համապատասխան ժամանակահատվածում գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում են ունեցել, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ դա ողջամտորեն չի հիմնավորվում, ինչպես նաեւ երբ առկա են ապօրինի հարստացման հիմք հանդիսացող այլ տարրեր:Նախագծով առաջարկվում է ապօրինի հարստացման համար սահմանել ազատազրկումˋ առավելագույնը 3 տարի ժամկետով, ինչպես նաեւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում:«Ապօրինի հարստացման էական չափ է համարվում 5 մլն դրամը գերազանցող շեմը՝ եւ ոչ թե այն հիմնավորմամբ, որ 5 մլն դրամից քիչ գումարը նորմալ է համարվում, այլ, ելնելով գործող իրողություններից եւ հայտարարագրում առկա համակարգից, համաձայն որիˋ կան եկամուտներ, որոնք օրենքով հայտարարագրման ենթակա չեն»,- նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:Կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ մեկ այլ նախագիծ, որով հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներն այսուհետ պարտավոր կլինեն 2 մլն դրամը գերազանցող փոխառությունների ստացումն ու հանձնումը, դրանց դիմաց վճարների ստացումն ու հանձնումը, դրամական միջոցների նվիրատվությունը, ձեռնարկատիրական գործունեությունից, գույքի օտարումից եկամուտի ստացումը, վարձակալության դիմաց վճարների ստացումը կատարել անկանխիկ: Tweet Դիտում՝ 15984