«Լիդիան». Հայաստանն ընկալվել է որպես ներդրումային երկիր

16.11.2016 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ն ու «Լիդիան Արմենիա»-ն նպատակ ունեն նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու շարունակաբար աշխարհին ներկայացնել հայաստանյան ներդրումային միջավայրի հնարավորությունները:

Այս մասին այսօր ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնըˋ Երեւանում մեկնարկած կենսունակ հանքարդյունաբերության հարցերի քննարկմանն ուղղված բիզնես համաժողովի ժամանակ:

Ընկերության տնօրենը ներկայացրել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի ստեղծման պատմությունն ու այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են:

«Ամուլսարի ոսկու հանքի ծրագրում արված ներդրումն իր ծավալովˋ $370 մլն, կլինի անկախ Հայաստանի պատմության մեջ հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր ներդրումը: Դրամական արտահայտությունից բացի, մենք կներդնենք հանքարդյունաբերության նոր մշակույթ եւ ժամանակակից մոտեցումներ, Հայաստանում առաջին անգամ կկիրառվի կույտային տարալվացման հարթակի մեթոդը, որի արդյունքում հանքը պոչամբար չի ունենա, իսկ վերականգնողական փուլն ավելի հեշտ կլինի»,- ասել է Հովարդ Սթիվենսոնը:

Նրա խոսքով՝ ծրագրի ներդրումը վկայում է այն մասին, որ Հայաստանն ընկալվել է որպես ներդրումային երկիր:

«Մենք ցանկանում ենք գործել թափանցիկ, վճարել հարկեր, մեր օրինակով ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,- հավելել է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահն ու գործադիր տնօրենը:

Անդրադառնալով սոցիալական եւ կորպորատիվ պատասխանատվությանըˋ  Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ այս տեսանկյունից եւս ընկերությունը նոր մշակույթ է զարգացնում Հայաստանումˋ շեշտը դնելով տնտեսապես ու սոցիալապես կայուն, զարգացած համայնքների վրա:

Ընկերությունն առաջինն է Հայաստանում, որը ներկայացրել է հանքի շահագործման ծրագրի բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականըˋ  իր աշխատանքներում բնապահպանական ազդեցությունները հասցնելով նվազագույնի եւ վերականգվող մակարդակի.

«Ամուլսարի տարածքում կա Մատնունի ծիրանավոր (Potentilla porphyrantha) բույսը, որի պահպանման ու հետագայում նաեւ բազմացման համար «Լիդիան Արմենիան»-ն, համագործակցելով ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի, Treweek Environmental Consultants ընկերության (Մեծ Բրիտանիա) եւ Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու հետ, սկսել է հատուկ ծրագիր: Մեր նպատակն է հանքի շահագործումից հետո միջավայրն արագ վերականգնել ու բերել նախկին տեսքին»,-ասել է Հովարդ Սթիվենսոնը: Նա բնապահպաններից ժամանակ է խնդրելˋ  «ապացուցելու Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության ու շրջակա միջավայրի պահպանության համատեղելիությունը»:

Դիտում՝ 2544
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW