Մեքենայի սեփականատերերն այժմ հնարավորություն ունեն ավտոմաքսատանը համակարգիչների միջոցով դիտարկել ներկրած ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները՝ մաքսային ծառայողների հետ համատեղ:Այս մասին այսօր հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)` ընդգծելով, որ մաքսային ձեւակերպումների գործընթացում կատարվել են մի շարք փոփոխություններ` ՀՀ վարչապետի եւ ՊԵԿ նախագահի հանձնարարականներով:Մասնավորապես, այսօր արդեն ուսումնասիրվում է միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռքբերման գինն ու փաստաթղթերի արժանահավատ լինելու դեպքում հիմք ընդունվում նրա ներկայացրած տվյալները: Մեքենան տվյալ դեպքում գնահատվում է ձեռքբերված արժեքով եւ մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով:«Նման աշխատաոճով ավելի ստույգ է որոշվում մաքսային արժեքը՝ բացառելով մաքսազերծման կամայական սակագնի որոշում կայացնելու հավանականությունը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային եւ կանխատեսելի»,- ասել է ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը:Նա տեղեկացրել է, որ մաքսազերծման հետ կապված գործառույթների մի մասը եւս առաջիկայում կտեղափոխվի մաքսատներ:Մասնավորապես, եթե նախկինում մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվություն կարող էին ստանալ միայն կոմիտեում, ապա առաջիկայում այդ գործառույթը նույնպես կիրականացվի ավտոմաքսատանը:«ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ավտոմաքսատանը փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ նշված են այն պաշտոնատար անձանց հեռախոսահամարները, որոնց քաղաքացիները կարող են դիմել մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների դեպքերում: Առանձին հուշաթերթիկներ կան նաեւ մաքսային արժեքի որոշման կամ ձեւակերպումների ընթացակարգերի հետ կապված խնդիրների վերաբերյալ»,- նշել են ՊԵԿ-ում:Ոլորտին առնչվող հարցերի շուրջ քաղաքացիները տեղեկատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 060 54 73 04 հեռախոսահամարով: Բաբկեն Ղազարյանը նաեւ նշել է, որ եթե նախկինում բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա նոր կարգի համաձայն՝ ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերը. գործընթացը տեւում է 30 րոպե:Բացի այդ, ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձեւակերպումը եւս սկսել է իրականացվել մաքսատանը:Նախկինում բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետեւ տարածաշրջանային մաքսատուն, որտեղ եւ քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն: Tweet Դիտում՝ 5105